Հայտնի են «Ավրորա 2021»-ի հավակնորդների անունները․ ներկաները հարգեցին Վարդան Գրեգորյանի հիշատակը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց. «Ավրորա 2021»-ի 5 հավակնորդ հերոսի անունները, որոնց ընտրել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը՝ նրանց ցուցաբերած խիզախության, նվիրվածության և ունեցած ազդեցության համար:

միջոցառման ընթացքում ներկաները հարգեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, գիտնական և մեծ մարդասեր Վարդան Գրեգորյանի հիշատակը, ով կյանքից հեռացել է օրեր առաջ:

Խոսելով Գրեգորյանի մասին, սոցիալական ձեռներեց և վենչուրային բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց, որ նա եղել է հզոր մարդ և մշտապես հասկացել է, որ չի լինում «միակողմանի ընթացք»։

Անդրադառնալով «Ավրորա»-ի հերոսներին, միջոցառման ընթացքում նշվեց, որ ավանդույթի համաձայն, 2021 թ. նրանց անուններն արձանագրվել են «Մատյան մարդասիրաց»՝ 21-րդ դարի եզակի ձեռագիր-մատյանում, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության յուրահատուկ տարեգիրքն է:

«Ավրորայի» հերոսներից մեկը կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր և հնարավորություն կստանա շարունակելու նվիրատվության շղթան՝ 1 մլն դոլար մրցանակը բաշխելով այն կազմակերպությունների միջև, որոնք օգնում են կարիքավորներին։

2021 թ. «Ավրորա»-ի հերոսի հավակնորդների մեկը Գրեգուար Ահոնգբոնոն է Կոտ դ’Իվուարից։ Նա «Սբ Կամիլ» ընկերության հիմնադիրն է, օգնում է Արևմտյան Աֆրիկայում հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց և փորձում է վերջ տալ նրանց շղթայակապ պահելու` տեղական անմարդկային սովորությանը, մյուս հավակնորդը Ջուլիեն Լուսենգեն է (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)՝ մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն՝ հանուն ներառական խաղաղության և զարգացման» (SOFEPADI) կազմակերպության և Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, որը տարիներ ի վեր օգնում է պատերազմի ընթացքում սեռական բռնության ենթարկվածներին։ Երրորդը կոլումբիացի Ռուբի Ալբա Կաստանյոն է, ով իրավապաշտպան և ASOCATDAME-ի (Գյուղացիների, գյուղական աշխատողների եւ շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա) հիմնադիրն է։ Վերջինս աշխատում է պաշտպանել հազարավոր կոլումբիացի գյուղացիների իրավունքները, որոնք ենթարկվում են հետապնդումների, հարկադիր տեղահանումների և անհետացման։ «Ավրորա»-ի հերոսը դառնալու հաջորդ հավակնորդը մասնագիտությամբ բժիշկ Աշվաք Մոհարամն է Եմենից, ով կենսապահպան աջակցություն է ցուցաբերում Եմենի Հոդեյդա նահանգի սովյալ բնակչությանը, որը հայտնվել է հակամարտության ու շրջափակման հետեւանքով գոյացած ճգնաժամի մեջ: Հինգերորդ առաջադրված հերոսը Փոլ Ֆարմերն է՝ ԱՄՆ-ից՝ բժիշկ-մարդաբան, Հարվարդի բժշկական դպրոցի դասախոս, «Առողջապահական գործընկերներ» (PIH) միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպության համահիմնադիր և գլխավոր ռազմավար։ Ֆարմերը ժամանակակից բժշկագիտության օգուտները հասցնում է նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը:

Միջոցառման ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց նաև Հայոց ցեղասպանությունը վերապրածների և նրանց փրկողների հիշատակին՝ արժանին մատուցելով մերօրյա հերոսներին։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում՝ այսպիսով շարունակելով մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության) աջակցել մարդկանց, որոնք, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրականնախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռում է «Ավրորայի» «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ եւ համախմբումէ բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ: