Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Ազգային գրադարանը ցուցադրել է մի շարք ֆրանսալեզու հնատիպ գրքեր

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ապրիլի 26-ին Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվել է գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի Ֆրանսերեն լեզվով գրականության մի մասը: Բաժնում պահպանվում է ֆրանսերեն լեզվով 2691 միավոր գիրք:

Ինչպես հայտնում են գրադարանից, «Ֆրանսերեն հնատիպ գիրքը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են բառարանները, հանրագիտարանները պատմական և ճանապարհորդական աշխատությունները:

Հավաքածուում պահպանվող և ցուցադրվող ֆրանսերեն ամենավաղ ժամանակաշրջանի գիրքը 1552 թվականին Փարիզում հրատարակված «Համընդհանուր տիեզերագնացություն» գիրքն է: 1739 թվականին Նիդեռլանդների Հաագա քաղաքում տպագրված «Եթովպիացիների և հայերի քրիստոնեության պատմությունը» ևս ցուցադրված գրքերի ցանկում էին։ 1702 թվականին Փարիզում տպագրված Ֆրենսիս Բեկոնի «Նոր Ատլատիդա» աշխատությունը, Դենի Դիդրոյի «Հանրագիտարան»-ի 4-րդ հատորը՝ տպագրված Փարիզում 1754 թվականին, Պլուտարքոսի 1787-ին տպագրված ստեղծագործությունները ևս ներառված էին ցուցադրվող գրականության մեջ։

Ֆրանսիայում գրատպության սկիզբը համարվում է 15-րդ դարը, որը համընկնում է Լյուդովիկոս 11-րդի կառավարման տարիների հետ (1461-1483թթ.): Գյուտենբերգի գյուտից հետո 1470-ին Ֆրանսիա են հրավիրվում Մյունխենից 3 տպագրիչներ, ովքեր էլ Ֆրանսիայում սկիզբ են դնում գրատպությանը: Նրանց առաջին տպագրած գիրքը իտալացի հումանիստ Գասպարենա դե Բերգամոյի նամակներն էր` հրատարակված 1470-ի ամռանը: Ֆրանսերեն լեզվով 1-ին գիրքը տպագրվել է Փարիզում 1476 թվականին: Գրքի հեղինակը Պասկյե Բոնոմն էր, գիրքը կոչվում էր «Ֆրանսիական մեծ խրոնիկա»:

17-րդ դարում Փարիզում տպագրված առաջին հայերեն գործը զետեղվել է Կլոդ Դյուրե Բուրբոնուայի՝ 1613 թվականին հրատարակած «Գանձ աշխարհի լեզուների պատմության» աշխատության մեջ, որում հայոց լեզվին նվիրված հատվածում տեղ է գտել հայերեն փայտափորագիր այբուբենը։ 1633 թվականին Փարիզի Կայսերական տպարանում լույս է տեսել Ֆրանցիսկ Ռիվոլայի «Բառագիրք Հայոց» (հայերեն–լատիներեն) բառարանի երկրորդ հրատարակությունը, որը Փարիզում հրատարակված առաջին հայերեն գիրքն է։