Բաժանության մասին հայտարարելուց մեկ շաբաթ անց Ջենիֆեր Լոպեսը ընթրել է Ալեքս Ռոդրիգեսի հետ

Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսն իրենց նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց մեկ շաբաթ անց միասին ընթրել են, հայտնել են Page Six-ի աղբյուրները։

Նրանց խոսքով՝ զույգն ընթրել է Լոս Անջելեսում գտնվող նույն ռեստորանում, որտեղ 2017-ին տեղի էր ունեցել նրանց առաջին ժամադրությունը։ Բայցի այդ, հայտնի է, որ հյուրանոցը գտնվում է Լոպեսի՝ 28 մլն դոլար արժողությամբ առանձնատան հարևանությամբ։

Ինչպես նշում է պարբերականը, պարզ չէ՝ ինչի մասին են զրուցել Լոպեսը և Ռոդրիգեսը, սակայն կարելի է ակնկալել, որ զույգը փորձում է ընկերական հարաբերություններ պահպանել, քանզի միասին շարունակում է աշխատել մի քանի համատեղ բիզնես ծրագրի վրա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Լոպեսն ու ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը համատեղ հայտարարությամբ պաշտոնապես հայտնել են իրենց բաժանման մասին: Լոպեսն ու Ռոդրիգեսը, որոնք միասին են 2017 թվականից և արդեն 2 տարի է, ինչ նշանադրված էին, հայտնել են, որ չեղարկում են իրենց նշանադրությունն ու փորձելու են ընկերներ մնալ:

«Մենք գիտակցեցինք, որ ավելի լավ ընկերներ ենք և ամեն ինչ կանենք ընկերներ մնալու համար: Մենք կշարունակենք աշխատել միասին և աջակցել միմյանց մեր համատեղ բիզնեսներում և նախագծերում: Մենք լավագույնն ենք ցանկանում միմյանց և մեկս մյուսի երեխաներին: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջերմ և աջակցող խոսքեր են ուղարկել մեզ»,- ասվում է նրանց հայտարարության մեջ: