Նոր տեսահոլովակ, համերգ և «Վերադարձ» ալբոմի շնորհանդեսը․ Adana Project-ը նորություններ ունի երկրպագուների համար

Adana Project ռոք խումբը, որը մշակում և նորովի է մատուցում հին կամ մոռացված հայկական ազգագրական, ժողովրդական, էստրադային երգերը, վերջերս երկրպագուներին է ներկայացրել «Արաքս» երգի հոլովակը։
Նշենք, որ Adana Project-ի հիմնադիրներն են Արին և Արիս Քարամյանները: Արինը ստեղնաշարային գործիքներ է նվագում, իսկ Արիսը` հարվածային: Խմբի կիթառահարներն են Պատրիկ Ավետիսյանն ու Ռոման Մնացականյանը, բաս կիթառահարն է Գեղամ Ղազարյանը, մեներգչուհին` Մանե Տոնոյանը: Խմբի պրոդյուսերն Անդրե Սիմոնյանն է:

Showbiz.am կայքի հետ զրույցում խմբի հիմնադիր՝ Արիս Քարամյանը հայտնում է, որ տեսահոլովակի գաղափարը միշտ կար, իսկ երգը վերամշակել էին դեռ 2014 թվականին։

«Միայն հիմա Անդրե Սիմոնյանի օգնությամբ ու իր խորհուրդներով մենք նկարահանեցինք այդ տեսահոլովակը, որը բավականին լավ արձագանքներ ունեցավ։ Նկարահանումներն անցել են շատ լավ, փոքրիկ ստուդիայում էինք ու լավ մթնոլորտում։ Նկարահանումների ժամանակ շատ դրական  էներգիա կար, ու բոլորս ուրախ էինք, որ վերջապես ստացվեց մեր այդ գործի համար տեսահոլովակի նկարահանումը»,– պատմում է Արիսը։

Իր և The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի անդամ և Adana Project ռոք խմբի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանի հետ համագործակցության մասին պատմելով՝ Արիսն ասում է․«Անդրեի հետ մենք հին ծանոթներ ու ընկերներ ենք Իրանից։ Ես, նա ու եղբայրս Իրանից ենք, ու միմյանց վաղուց ճանաչում ենք։ Հայաստան տեղափոխվելուց հետո իրար հանդիպեցինք, ու կրկին սկսվեց մեր ընկերական ու գործնական շփումը։
Երկուսս էլ նույն աշխարհի մարդիկ ենք՝ ռոք, մեթալ երաժշտության խելագարներ։ Երբ Անդրեն տեսավ, որ զբաղվում ենք նման նախագծով՝ հայկական երգերը վերամշակում ենք այդ ոճով, ինքը շատ ոգևորվեց և ասաց, որ իր ուժերի սահմաններում մեզ անպայման կօգնի»։

Արիսը նաև հայտնում է, որ ապրիլի 30-ին  կկայանա «Վերադարձ» ալբոմի շնորհանդեսը։ Ձայնասկավառակում տեղ են գտել «Արաքս», «Գինի լից», «Թարմ ծաղիկներ», «Գարահիսար», «Զարթիր լաո», «Ճշմարտություն չկա ուրիշ», «Իմը չես, գիտեմ», «Իմ Էլինար» ստեղծագործությունները:
Նշենք, որ շնորհանդեսն ու դրան նվիրված համերգը պետք է տեղի ունենար դեռ 2020 թվականի մարտին, սակայն համավարակը խափանեց նրանց ծրագրերը։

«Մենք մեր ալբոմը պետք է թողարկեինք 2020 թվականին, բայց այն սկզբում հետաձգվեց կորոնավիրուսի հետևանքով, ու մեր համերգն էլ, որը պետք է լիներ մարտի 30-ին չեղարկվեց։ Ալբոմը թողարկվեց օնլայն հարթակներում, բայց վաճառքի այն չհանեցինք, որովհետև պետք է լիներ համերգ։ Այն կկայանա հիմա՝ ապրիլի 30-ին՝ Mezzo Club-ում, որի ընթացքում կլինի նաև ալբոմի շնորհանդեսը։ Այն մեր առաջին ալբոմն է»,- պատմում է Արիսն ու հավելում, որ չնայած այդ խափանված ծրագրերին, 2020-ն ունեցավ նաև իր դրական կողմը,-«Բոլոր ոլորտներն այդ տարի ֆինանսական ձևով տուժեցին, մենք էլ տուժեցինք ու շատ, մենք շատ բաներ էինք ծրագրել, ու շատ գումար ընկավ ջուրը։
Համերգների ծրագրեր կային, որոնք բոլորը չեղարկվեցին, բայց ես դժգոհ չեմ, որովհետև կորոնավիրուսը  հնարավորություն տվեց մեզ մտածել մեր խմբի մասին․
այն ուղին, որը բռնել ենք, դարձնել ավելի ճշգրիտ ու հասնել ավելի շատ բաների։ Սկսեցինք զբաղվել արդեն մեր սեփական  գործերով, որոնք երկրորդ ալբոմում կներկայացվեն լսարանին»։ 

Արիսն ասում է, որ իր և եղբոր մտքում կա պատերազմին նվիրված նոր գործ ներկայացնելու ծրագիր, սակայն նշում է, որ դրա մասին դեռ վաղ է խոսելը։ Նշենք, որ պատերազմի ընթացքում Adana Project ռոք խումբը հետաքրքիր գործիքավորմամբ ներկայացրեց «Զարթիր, լաո» հանրահայտ երգը:

«Պատերազմի մասին խոսելիս դժվարանում եմ էմոցիաներս արտահայտել, ցավում եմ, որ նման կերպ ավարտվեց այդ ամենը։ Մենք այդ ընթացքում, ցանկանալով մեր ներդրումն ունենալ ու աջակցել, կանգնել մեր ժողովրդի ու ազգի կողքին, ներկայացրինք «Զարթիր, լաո» երգը»,- ասում է նա։

Դժվար տարուց հետո հիմա մշակութային շատ գործիչներ բռնում են արտագաղթի ճանապարհը։
Արիսը նշում է, որ բացարձակ, ոչ մի րոպե ու վայրկյան նրա մտքով չի անցել արտագաղթելը․ «Բացարձակ չեմ մտածում արտագաղթելու մասին միշտ ասել եմ ու կասեմ՝ լավ ու վատ, ինչ էլ լինի, Հայաստանը մեր տունն է։ Եթե ես գնամ, դու գնաս, ո՞վ պետք է գա ու շենացնի։ Ես միայն փափագում եմ, որ մեր երկիրը բարգավաճի ու ծաղկի։ Ունենք-չունենք մի բուռ հող ունենք, սա էլ թողնենք գնանք, ո՞վ պետք է մեր հողն ու մշակույթը պահի։
Ընդհանրապես, ո՛չ ես, ո՛չ ընտանիքս չենք մտածում գնալու մասին»։

Արիսը մեզ հետ կսիվում է ուրախալի լուրով՝ հայտնելով երկրպագուներին, որ խումբը պատրաստել է մի շարք անանկնկալներ․ «Շուտով տեսահոլովակներ կներկայացնենք նաև մեր առաջին ալբոմից։ Եթե դժվարություններ չառաջանան, մենք կներկայացնենք մեր երկրորդ ալբոմն ու դրանից 1-2 տեսահոլովակ»։ 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան