Նիքոլ Քիդմանը նոր մինի սերիալում հանդես է եկել ռուս Մաշայի կերպարում (տեսանյութ)

Թողարկվել է Նիքոլ Քիդմանի մասնակցությամբ նոր մինի սերիալի անոնսը: Դերասանուհին նկարահանվել է Լիանա Մորիարթիի «Ինը լրիվ անծանոթ մարդիկ» վեպի հիման վրա նկարահանված մինի սերիալում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ սյուժեի` մեգոպոլիսների բնակիչները գալիս են առողջարանային կենտրոն՝ հույս ունենալով հաղթահարել սթրեսը և նոր կյանք սկսել: Քիդմանի հերոսուհին` նույն ինքը տուն-ինտերնատի տնօրեն Մաշան, ժամանակին Ռուսաստանից արտագաղթել է ու բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Դատելով անոնսից՝ նրա հոգեթերապևտիկ մեթոդները շատ հեռու են ավանդական լինելուց:

Նիքոլ Քիդմանը նկարահանվել է նաև Լիանա Մորիարթիի «Մեծ փոքր ստեր» վեպի էկրանավորման մեջ: Բռնություն գործադրող ամուսնու զոհ Սելեստե Ռայթի կերպարը կերտելու համար 2018 թվականին նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Կարճամետրաժ սերիալի կամ կինոնկարի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

«Ինը լրիվ անծանոթ մարդիկ» սերիալում նկարահանվել են նաև Մելիսա ՄաքՔարթին, Լյուկ Էվանսը, Սամարա Ուիվինգը և այլք: Նախագիծը կթողարկվի Hulu հոսթինգային հարթակում:

Պրեմիերայի հստակ ամսաթվի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: