Քանյե Ուեսթի սպորտային կոշիկների զույգը աճուրդում վաճառվել է ռեկորդային գումարով

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի սպորտային կոշիկների զույգը աճուրդում վաճառվել է ռեկորդային 1,8 միլիոն դոլարով: Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ երկուշաբթի Twitter-ում այդ մասին հայտարարել է Sotheby’s-ը:

Սա սպորտային կոշիկների զույգ է, որը Ուեսթի կողմից ամերիկյան Nike ընկերության հետ համատեղ մշակվել է 2008-ին: Nike Air Yeezy 1 անվամբ հայտնի սպորտային կոշիկներն ազդարարեցին Ուեսթի Yeezy ապրանքանիշի ծնունդը, որը մինչ օրս շատ է գնահատվում կոլեկցիոներների կողմից: 2015-ից Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկներն արտադրում է գերմանական Adidas կոնցեռնը:

Աճուրդի հանված բեժ ներբանով սև սպորտային կոշիկը թողարկվել է մեկ օրինակով՝ բացառապես Ուեսթի համար, և հետագայում չի վերաթողարկվել: Ռեփերը դրանով առաջին անգամ հայտնվել է հասարակության առջև, 2008-ին՝ «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունենալիս:

Nike Air Yeezy 1-ը միանգամից երկու ռեկորդ է սահմանել՝ որպես առաջին սպորտային կոշիկը, որը վաճառվել է ավելի քան 1 միլիոն դոլարով և որպես պատմության մեջ սպորտային կոշիկների ամենաթանկ զույգը: