MVF Band-ը 10 տարեկան է․ տղաները՝ խմբի հաջողության, վերսկսված համերգների և իրենք իրենց մասին

Ինչպես ֆեյսբուքյան իվենթում էր նշված, ուղիղ 214 օր դադարից հետո վերադարձ բեմ՝ նշելու տասնամյակը։ Իսկ իր գործունեության տասնամյակը նշում է MVF Band-ը։ Տղաներն այս տարիների ընթացքում մշտապես փորձել են իրենց հանդիսատեսին ներկայանալ բարձրաճաշակ և յուրօրինակ ստեղծագործություններով՝  այդպիսով իրենց ուրույն տեղը զբաղեցնելով մեր երգարվեստում։

ShowBiz.am-ը անկեղծ զրույց է ունեցել MVF Band-ի տղաների հետ, որոնք պատմել են երկար դադարից հետո համերգային գործունեությանը վերադառնալու դժվարությունների մասին, անդրադարձել իրենց տասը տարվա պատմությանը, խմբի գործունեությունը դադարեցնելու որոշումից հետ պահող պատճառին, ինչպես նաև հետաքրքիր փաստեր ներկայացրել հենց իրենց մասին։

«7 ամիս չէինք նվագել և հիմա փորձում ենք վերսկսել համերգային գործունեությունը։ Վախերից եթե խոսեմ, ապա պետք է նշեմ, որ մի քանի նոր գործ ենք նվագում, այսինքն՝ առաջին կատարումն է լինելու։ Միշտ առաջին գործերը կատարելուց պատասխանատվության գործակիցը ավելի բարձր է լինում։ Իսկ առհասարակ այս տարին մեզ համար հոբելյանական է, մարտին լրացել է խմբի տասնամյակը, և դրա հետ կապված այս տարի մեր բոլոր համերգները նվիրված են լինելու հենց դրան։ Համերգային շարք է լինելու, կսկսենք անթոլոգիայի ձևաչափով, կփորձենք կատարել մեր ամենասկզբի ստեղծագործություններից մինչև վերջին շրջանի ստեղծագործությունները ու տարվա վերջին արդեն ամբողջությամբ նոր ծրագիր ենք պատրաստելու, որով էլ կեզրափակենք հոբելյանական տարին»,- մեզ հետ կիսվում է խմբի հիմնադիր, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը։

Իսկ թե ինչու են որոշել համերգները հենց Ուլիխանյան ակումբում վերսկսել, Միքայելը նշում է․ «Դա խորհրդանշական է, մենք մեր փորձերը տասը տարի առաջ հենց այստեղից ենք սկսել ու համերգների մեծամասնությունը Ուլիխանյանում ենք անցկացրել»։

«Խումբը շատ օրգանիկ զարգացում է ապրել, ու այն կետը, որին հասել ենք այսօր, կարծում եմ, բոլորիս էլ բավարարում է։ Իհարկե, սխալ է համարել, որ հասել ենք մի կետի, որից հետո այլևս անելիք չունենք, բնականաբար դրա մասին չէ խոսքը, բայց այս տասը տարիների անելիքը բավականին համաչափ էր, ու պետք է որ մենք այս էտապում հենց այս կետին հասած լինեինք։ Այդ առումով կարող եմ գնահատել, որ ես անձամբ բավարարված եմ, և կարող ենք հանգիստ նայել ապագային, շարունակել և զարգացնել մեր անելիքները,- պատմում է խմբի սաքսաֆոնահար Դավիթ Մելքոնյանը։

Իր հերթին Միքայելը հավելում է․ «Առհասարակ մենք միշտ փորձել ենք ժամանակի հետ համընթաց շարժվել։ Այս համերգների ընթացքում էլ մենք կփորձենք այդ աճը ցույց տալ, ցույց տալ, թե տասը տարի առաջ ինչպիսին էր մեր երաժշտությունը ու հիմա ինչպիսին է դարձել։ Իհարկե մեր ձեռագիրը պահելով, մեր խմբային հնչողությունը, յուրահատկությունը պահելով միշտ փորձելու ենք լինել ժամանակին համապատասխան»։

Այս տարիների ընթացքում խումբը փոփոխությունների է ենթարկվել նաև ոճային առումով․ ինչի առնչությամբ Միքայելը նշում է․ «Ժանրային առումով այդ փոփոխությունը հստակ երևում է։ Երբ նոր էինք սկսում, հստակ ֆյուժն, ֆոլկ-ֆյուժն, ջազ-ֆյուժն ժանրերում էինք ներկայանում, սակայն տարիների ընթացքում մենք կարողացանք մեր, այսպես ասած, ոճը գտնել, օրինակի համար՝ մեր առաջիկայում թողարկվող ալբոմում շատ դժվար կլինի ինչ-որ ոճ առանձնացնելը, քանի որ այն ամփոփում է խմբի համապարփակ ձեռագիրը։ Եվ հիմա վերջին շրջանի մեր ստեղծագործություններում ռեֆերենսներ կան դեպի ֆանկ-դիսկո, ինչպես նաև առկա են այսօրվա էլեկտրոնային երաժշտության տարրերը։ Շատ-շատ ենթաժանրերի հյուսում կա նոր ալբոմում»։

Խումբն արդեն 10 տարեկան է, իսկ դա քիչ ժամանակ չէ․ այս տարիների ընթացքում տղաները բազմաթիվ դժվարությունների միջով են անցել, սակայն եղել է պահ, երբ նրանք մտածել են խմբի գործունեությունը դադարեցնելու մասին, սակայն, ինչպես հասկանում ենք, այն չեն իրագործել, իսկ թե ինչու՝ պատասխանում է խմբի կիթառահար Գուրգեն Ղազարյանը․ «Սերը իրար հանդեպ․ սերը և այս տարիների մեր անցած ճանապարհն ու իրար հանդեպ ունեցած նվիրումը։ Քանի որ սա մեկ հուգու խումբ չէ, սա ընտանիք է, այն բոլորինս է հավասարապես։ Զարմանալի է, բայց Հայաստանում կա խումբ, որում հավասարություն է տիրում։ Դրա համար էլ եթե կորցնենք, յուրաքանչյուրս կկորցնենք նույն չափաբաժնով»։

«Խմբի գործունեությունը դադարեցնելու մտքեր բոլոր խմբերում են լինում, բոլոր կոլեկտիվներում են լինում, բայց կարևորը դա չէ, նույնիսկ օրինաչափ է, երբ նման մտքեր են լինում դժվարին պահերին։ Բայց հարցն այն է, այդ միտքը վերջիվերջո իրականություն կդարձնես, թե՝ ոչ։ Մեր դեպքում բարեբախտաբար հաղթում է միշտ համերաշխությունը և ընդհանուր հայտարարի գալու կարողությունը։ Դրա համար էլ հույս ունեմ, որ այս տարիները կվերածվեն 20, 30․․․»,- հավելում է Դավիթը։

Իր հերթին Միքայելը նշում է, որ իրենց խումբն էլ  է մի ընտանիքի պես, որտեղ ամեն ինչ էլ կարող է պատահել․ «Բոլոր ընտանիքներում էլ լինում են անհամաձայնություններ, բայց եթե ամուր ընտանիք է, որտեղ կա սեր, ապա ամեն բան միշտ հարթվում է  ի օգուտ ընտանիքի։ Մենք բոլորս իրար թե՛ թույլ, թե՛ ուժեղ կողմերը գիտենք և դրանք համադրելով, կոնսեսուսի գալով մենք մեր մեջ կարողանում ենք ցանկացած խնդիր լուծել»։

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև տղաների երաժշտական ճաշակներին, Արման Պեշտմալջյանը, ում վստահված է ստեղնաշարային գործիքները, մանրամասնում է․ «Անձամբ ես շատ տարբեր երաժշտություններ եմ սիրում և լսում, երևի թե այնպիսի ոճ գոյություն չունի, որում ես չկարողանամ ինչ-որ լավ բան գտնել, անգամ ռաբիսում)): Եթե անգամ ոչ ամբողջ ստեղծագործության մեջ, ապա գոնե դրանից մի հատված, ինչ-որ հետաքրքիր լուծումներով կտորներ հաստատ կգտնեմ մեջը»։

Արմանը նաև խուսում է ընկերների նախընտրությունների մասին․ «Դավիթն ավելի շատ ակադեմիական երաժշտության սիրահար է, դա կլինի թե՛ դասական, թե՛ ջազային ժանրերում։ Միքայելը ևս սիրում է ակադեմիական երաժշտությունը, նա նաև մեյն սթրիմի սիրահար է։ Գուրգենը և Մովսեսը գիտեմ, որ գոսպել ժանրի սիրահար են։ Մեզ կապողը, կարելի է ասել, այն է, որ մենք խտրականություն չենք դնում ժանրերի առումով, կարևորը որակյալ աշխատանք լինի»։

Տղաները երգարվեստում ունեն իրենց ֆավորիտներին, որոնց մի մասը ժամանակի ընթացքում փոխվել է, իսկ ոմանք էլ անկախ ժամանակից ու տարածությունից ունեն իրենց մնայուն տեղը։ «Իրականում շատ-շատ են և նրանք ժամանակի ընթացքում նաև փոխվում են։ Իհարկե կան առանցքային դեմքեր, որոնց նախընտրում ես ամբողջ կյանքում լսել, բայց ժամանակին համընթաց փոխվում է նաև քո ճաշակը։ Դու ինչ-որ ժամանակ լսում ես մի արտիստի, նրանից վերցնում ես քեզ համար օգտակարը, հետո թողնում ես նրան, ապա որոշ ժամանակ անց նորից վերհիշում»,- անկեղծանում է Դավիթը, ապա հավելում․ «Երաժշտի ու սովորական հանդիսատեսի երաժշտական ընկալումները բավականին տարբերվում են։ Արմանը նշեց, որ տարբեր ժանրերի երաժշտություն է լսում, ու դա արվում է մեկ նպատակով․ հանդիսատեսը լսում է երաժշտություն՝ հիմնվելով իր ճաշակի վրա, երաժիշտը լսում է երաժշտություն՝ հիմնվելով գիտելիք կորզելու, նորություն վերցնելու փորձի վրա։ Դրա համար էլ երաժշտին միշտ օգտակար է լսել տարբեր ոճեր, տարբեր արտիստների, տարբեր ժամանակների երաժշտություն, քանի որ մենք լսում ենք ոչ միայն մեր թախիծը կամ ուրախությունը կիսելու համար, այլ այն գործնակում կիրառելու համար»։

Մենք նաև հետաքրքիր, ուշագրավ և զվարճալի փաստեր ենք բացահայտել տղաների մասին․ պարզվում է, որ Գուրգեն Ղազարյանը խմբի մշտապես ուշացող մասնակիցն է, որին ի հակադրություն նա պնդում է, որ նա նաև խմբի ամենապատասխանատուն է։ Տղաներից ամենակազմակերպվածը Դավիթն է։ Դավիթը միևնույն ժամանակ ամենաարագ բռնկվողն ու էմոցիոնալն է։ Ամենակատակասերը բոլորն են, Դավիթը նաև նշում է, որ շատ տարօրինակ հումորի զգացում ունեն։ Իսկ ամենաստեղծարարըկրետիվը Արմանն ու Միքայելն են։ Իսկ թե ով է ամենաալարկոտը, տղաները դժվարացան պատասխանել՝ նշելով, որ բոլորի մոտ էլ ժամանակ առ ժամանակ կարող են այդպիսի դրսևորումներ լինել։ Ամեն բան էլ կախված է հանգամանքներից․․․

Իսկ վերջում տղաները որոշակի բացահայտումներ արեցին իրենց մասին՝ նշելով, որ խմբի դաշնակահարը մասնագիտությամբ կոմպոզիտոր և հարվածային գործիքներ նվագող է։ Իսկ բասկիթառիստը ինքնուս է։ Միքայելն էլ մասնագիտությամբ պատմաբան է։

Ինչպես նկատեցիք զրույցում տեղ չէր գտել խմբի հարվածային գործիքների վարպետը՝ Մովսես Էբեջյանը, կասեք՝ թե ինչո՞ւ, ամեն բան շատ պարզ է, մինչ մենք զրուզում էինք, Մովսեսը պատրաստակամություն հայտնեց բոլորիս սուրճ հյուրասիրել։ Ճիշտ է, սուրճ պատրաստողը Մովսեսը չէր, բայց մինչ նա կհասցներ միանալ մեզ, մենք ամեն բան ավարտեցինք)):

Հավելենք նաև, որ բացի Արմանից մնացած բոլոր տղաներն ամուսնացած են և ունեն որդիներ։

Հեղինակ՝ Լուս Ավագյան
Լուսանկարները՝ Մարատ Կարապետյանի