«Այս տարին առաջինն է, որ տատիկս կողքիս չէ․․․»․ Թամարա Գևորգյանը՝ 26-ամյակի և երազանքի մասին

Դերասանուհի Թամարա Գևորգյանը, ով այս շրջանում միացել է «Ֆեյք պապա» սիթքոմի դերասանական անձնակազմին, ապրիլի 27-ին նշել է իր ծննդյան օրը։
Showbiz.am կայքի հետ զրույցում Թամարան կիսվում է, թե ինչպես է նշել ծննդյան օրը, ինչ երազանքներ ունի և ժամանակի ընթացքում ինչ է փոխվել իր բնավորության մեջ։

Թամարան պատմում է, որ 26-ամյակը նշել է ընտանիքի և մի քանի մտերիմ ընկերուհիների հետ քաղաքից դուրս գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում՝ բնության գրկում ու կտրված ամեն ինչից։

«Այս տարին առաջինն է, որ տատիկս կողքիս չէ։ Այդ պատճառով ծննդյանս օրը առանձնապես մասշտաբային չեմ նշել»,- ցավով ասում է  Թամարան։

Դերասանուհին հիշում է, իր ամենաստացված ու չստացված ծննդյան օրերը.«Ամենաստացված ծննդյանս օրը 23-ամյակս է եղել, երբ չկար ո՛չ կորոնավիրուս, ո՛չ էլ պատերազմ։ Ամենաչստացվածը՝ անցյալ տարի էր, երբ կարանտինի մեջ էինք ու հնարավոր չէր նույնիսկ մտերիմներով հավաքվել»։

Խոսելով, թե այս տարիների ընթացքում բնավորության որ գծերն են փոխվել իր մեջ Թամարան նշում է․«Ժամանակի հետ, բնականաբար, շատ բան է փոխվում՝ ավելի ինքնավստահ ես դառնում, սկսում ես գնահատել բաներ, որոնք ժամանակին չես նկատել։
Ես երևի ավելի ռեալիստ եմ դարձել ժամանակի ընթացքում։ Ցավոք, ինչքան մեծանում ես, այնքան երազկոտ ու հրաշքներին հավատացող աղջնակի չափաբաժինը քչանում է»։ 

Ինչ վերաբերում է անակնկալներին՝ Թամարան գերադասում է պրակտիկ ու անհրաժեշտ նվերները․ «Սիրում եմ ստանալ նվերներ, որոնք պետքական են։ Ու առհասարակ, ես նվիրում եմ միայն այնպիսի բաներ, որոնք ինքս կօգտագործեի»։

Թամարա Գևորգյանը սեպտեմբերի 27-ից ակտիվ գործունեություն էր ծավալում պատերազմի թիկունքում՝ օգնելով ռազմական գործողությունների պատճառով հայրենի բնակավայրերը թողած արցախցիներին։ Իր ֆեյսբուքյան էջում դերասանուհին առավոտից մինչ կեսգիշեր հանդես էր գալիս հայտարարություններով ու անպատասխան չէր թողնում ոչ մի արցախցու նամակ ու խնդրանք։
Արդեն հիմա՝ 2021-ին, Թամարան հիմնել է իր՝ «Դեպի» դերասանական ստուդիան։ Դերասանուհին նաև հայտնում է, որ շուտով հանդես կգա նոր կերպարով, բայց փակագծերը դեռևս չի բացում։

Այս տարի ինչպես շատերի, այնպես էլ Թամարայի գլխավոր երազանքն է խաղաղությունը։
«Այս տարվա գլխավոր երազանքն է, որ ընտանիքս կողքիս լինի, առողջ ու երկրումս խաղաղություն լինի։ Մաղթում եմ սեր՝ ինձ ու բոլորին»,-ասում է դերասանուհին ու հավելում, որ նաև ցանկանում է այս տարի խաղալ իր երազանքների մոնոներկայացումը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան