Արքայազն Ուիլյամը չի կարող ներել Մեգան Մարքլին իր կնոջ հետ վատ վարվելու համար

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը չի կարող ներել կրտսեր եղբոր կնոջը` Մեգան Մարքլին` իր կնոջ հետ վատ վարվելու համար: Ինչպես փոխանցում է The Mirror-ը, թագավորական ընտանիքի աղբյուրներից մեկը հայտնել է, որ 38-ամյա արքայազնը չի կարողանում հասկանալ, թե ինչու է Մեգանը նման կերպ վարվել իր կնոջ հետ:

Խոսքն Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում Սասեքսի դքսուհու մեկնաբանության մասին է, երբ վերջինս Քեյթ Միդլթոնին մեղադրել էր իրեն «լացացնելու» համար` իր և արքայազն Հարիի հարսանիքին եկեղեցում ուղեկցող աղջիկների հագուստի հետ կապված միջադեպի պատճառով:

Սկզբնապես հաղորդվում էր, որ Քեյթն է «լաց եղել» այդ միջադեպի ժամանակ: Արքայազն Ուիլյամի խոսքով` Քեյթը փորձել է օգնել Մեգանին թագավորական ընտանիքի կյանքում պարտականությունները հասկանալու հարցում, սակայն նրա մտադրությունը միշտ սխալ է հասկացվել:

«Բայց 17 մլն լսարան ունեցող CBS հեռուստաալիքի եթերում պնդել, որ Քեյթն իրեն ստիպել է լաց լինել, անցնում է բոլոր սահմանները»,- աղբյուրի փոխանցմամբ ասել է արքայազնը: