Վահագն Հայրապետյան տրիոն հանդես կգա Կամերային երաժշտության տանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 28-ին, ժամը 19:00 Positive խորագրով համերգով հանդես կգա Վահագն Հայրապետյան տրիոն։
Տրիոյի կազմում ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, վոկալ), Խաչատուր Սավզյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):
Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար, հայ ջազի կենդանի լեգենդ Վահագն Հայրապետյանն արդեն մի քանի տասնամյակ է ինչ ունի իր ուրույն տեղը Հայաստանի ջազի պատմության մեջ:

Հայրապետյանը տրիոյի կազմով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել տարբեր միջազգային փառատոների և պատվով ներկայացրել հայ ջազարվեստը: Այս համերգին հնչելու են օրիգինալ, հեղինակային ստեղծագործություններ և հայկական երաժշտության մշակումներ։
Համերգն անմասն չի մնա նաև իմպրովիզացիոն տարրերից, որոնք ստեղծվելու են հենց տեղում՝ հանդիսատեսի անմիջական մասնակցությամբ։ Հատկանշական է նաև համերգի խորագիրը՝ Positive։ Տրիոն ամբողջ երեկոյի ընթացքում դրական լիցքեր է փոխանցելու ունկնդրին։