«Կան դերասաններ, որոնց անսովոր կլինի տեսնել այսպիսի դերերում». «Մի անգամ դպրոցում» ֆիլմի առաջին մանրամասները 

Ընկերություն, նվիրում, պայքար հանուն կարևոր նպատակների և արդարության. այս և մի շարք այլ արժեքների մասին է պատմում «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգությունը, որը Երևանի կինոթատրոններում կլինի ապրիլի 29-ից:

Ֆիլմում ընդգրկված են սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանը որդու հետ, Վահագն Գալստյանը, Գրիգոր Դանիելյանը, Արփի Գաբրիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Նաիրա Շահիրյանը, Արա Սարգսյանը և այլք: Երիտասարդ դերասաններից են Արթուր Բեգջանյանը, Դալիթա Ավանեսյանը, Ստեփան Հովհաննիսյանը և ուրիշներ:

Ֆիլմի պրեմիերային ընդառաջ  Showbiz.am կայքի թղթակիցը զրուցել է կինոնկարի պրոդյուսեր Վահան Գրիշկյանի հետ: 

«Ֆիլմի գաղափարը ծնվեց այն մտքից, որ հիմա երեխաներն իրենց համար հերոսներին հաճախ փնտրում են ինչոր անհասկանալի տեղերում։ Եվ այդ գտած հերոսների մոտ իսկական մարդկային արժեքների փոխարեն գերակայում է լայքերի և հետևորդների քանակը։ Մյուս կողմից գրքերում կան ամուր ներքին ջիղ և շատ կարևոր արժեքներ ունեցող կերպարներ։ Ֆիլմը ցույց է տալիս, որ եթե ունես ցանկություն ու երևակայություն, այդ գրքերը կսկսեն քեզ հետ խոսել»,-ասում է պրոդյուսերը:

Պրոդյուսերը նշում է, որ ֆիլմի հիմնական գաղափարն այն է, որ յուրաքանչյուրը կարող է հասնել ցանկացած հաջողության, եթե գաղափարն ու մտադրությունը լավն են և կա ընդօրինակելու ճիշտ հերոս։

Նա պատմում է, որ դերասանական կազմն ընտրվել է ըստ կերպարների բնավորությունների։
«Փորձել ենք այնպես անել, որ բոլորը հնարավորինս համապատասխանեն իրենց կողմից մարմնավորված կերպարներին։ Կան դերասաններ, որոնց անսովոր կլինի տեսնել այսպիսի դերերում, բայց դա միայն դրական է ազդում ընկալման վրա։ Կերպարները շատ են ու պայծառ։ Կարծում եմ, որ ամեն դիտող կկարողանա ընտրել իր ամենասիրելի կերպարին»,-ասում է նա։

Իսկ թե դժվար 2020-ից հետո հիմա ի՞նչ է անհրաժեշտ հանդիսատեսին և կլինեն արդյո՞ք պատերազմի թեմայով ֆիլմեր, Վահանն ասում է. «2020 թվականը բոլորիս համար էր շատ բարդ՝ բազմաթիվ պատճառներով։ Հիմա խոսում ենք հիմնական երկուսի, բայց իրականում բարդությունները շատ ավելի շատ էին։ Ինչևէ, նման բարի, ուսուցողական, ընտանեկան ու երեխաներին հետաքրքրող ֆիլմի գաղափարն առաջացել էր մինչև այս ամենը։ Ու հիմա, երբ միասին անցանք այսքանի միջով, պարզ դարձավ, որ երեխաները մնացել են առանց ուշադրության։ Կարծում եմ, որ արդար չէ նրանցից խլել ծիծաղը և լավ տրամադրությունը։ Դրա համար որոշեցինք ֆիլմը ցուցադրել հենց հիմա։ Մանկապատանեկան միջոցառումների քանակը ձգտում է զրոյի, և դա շատ մտահոգիչ է։ «Մի անգամ դպրոցում» ֆիլմ է, որը կարելի է դիտել ամբողջ ընտանիքով, դասարանի կամ ընկերների հետ միասին։ Համոզված եմ, որ ֆիլմից հետո դուրս գալուց դիտողների մոտ լինելու է լավ տրամադրություն և ավելի լավ վերաբերմունք գրքերի և դրանց մեջ զետեղված հերոսների նկատմամբ։

Այլ ժանրերի ֆիլմերի մի քանի գաղափար արդեն ունենք, աշխատում ենք դրանք իրագործելու վրա, բայց հիմա ցանկանում ենք կենտրոնանալ հանդիսատեսին ավելի շատ դրական էմոցիաներ փոխանցելու վրա, որովհետև դրա պակասը հիմա ավելի քան զգալի է»։

Ֆիլմի դերասանուհիներից  է Դալիթան, ով պատմելով իր կերապարի մասին, ասում է. «Իմ կերպարն է Անին, ով գլխավոր հերոսի համադասարանցին է: Խելացի, գրագետ,բազմակողմանի զարգացած աշակերտուհի է: Սիրում է կարդալ գրքեր: Դասերից չի շեղվում, պարտաճանաչ է: Միշտ անլուրջ է վերաբերվել գլխավոր հերոսին ու նրա ընկերներին»:

Դերասանուհին կիսվում է, որ անմոռանալի նկարահանումներ են ունեցել։ Եղել են հետաքրքիր տեսարաններ, որոնց նկարահանելը անցել են շատ զվարճալի։

«Ֆիլմի հիմնական նպատակն է փորձել երեխաների մոտ սեր արթնացել ընթերցանության հանդեպ և ուղղորդել երեխաներին, թե որտեղ կարելի է գտնել իսկական հերոսի, որին իսկապես պետք է ընդօրինակել»,- ասում է Դալիթան։

Նշենք նաև, որ դպրոցականների մոտիվացնելու նպատակով կազմակերպվել էր շարադրությունների մրցույթ, որի հաղթողների դպրոցների բոլոր աշակերտները հնարավորություն ստացան առաջինը դիտելու «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգությունը:
Ապրիլի 28-ին, ամփոփվեցին դպրոցականների շրջանում հայտարարված՝ «Իսկական հերոսը» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները: Մրցույթում հաղթող ճանաչված երկու լավագույն աշակերտներն են՝ Անժելիկա Ստեփանյանն ու Էլեն Ասատրյանը:

«Իսկական հերոս» շարադրությունների մրցույթի կազմակերպիչը Տաթևիկ Հարությունյանն է, ժյուրիի կազմում ընգրկված էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ Աննա Բաշխյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը, որը ևս նկարահանվել է «Մի անգամ դպրոցում» ֆիլմում, ֆիլմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանն ու գրող Արամ Ավետիսը: Նրանք էլ պարգևատրեցին լավագույն տասը շարադրությունների հաղթողներին, որոնց թվում էին նաև  Նինա Բարբակաձեն, Լիլիթ Հովսեփյանը, Սոնա Միքայելյանը, Մարի Մարկոսյանը, Գուրգեն Բուլղազարյանը, Սուսաննա Մովսիսյանը, Ալբերտ Ղարագյոզյանը և Լիլի Գրիգորյանը:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան