«Ջորջը համարում է, որ ինքն է ջեքփոթ շահել, ոչ թե Ամալը». ինչպիսի՞ն են աստղային զույգի ընտանեկան հարաբերությունները (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին և կինը Ամալ Քլունին վայելում են իրենց ամուսնական կյանքն ու դաստիարակում 3-ամյա երկվորյակներին՝ Էլլային և Ալեքսանդրին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Հաջորդ շաբաթ Ջորջ Քլունին դառնում է 60 տարեկան և բոլոր նրանց, ովքեր կլսեն իրեն, նա ասում է, որ «ինքն է ջեքփոթ շահել, ոչ թե Ամալը»։ Նա իրեն երջանիկ և օրհնված է համարում, իսկ կնոջը` արտասովոր, պարբերականին պատմել է քաջատեղյակ աղբյուրը։

Աղբյուրն ասել է, որ, ինչպես ցանկացած ամուսնություն, Քլունիները նույնպես մարտահրավերների առջև են կանգնել, սակայն փոխզիջումների են գնացել։

Ամալ Քլունիի հետ հարաբերություններից առաջ դերասանն ամուսնացած է եղել Ջոյս Վան Փաթենի դստեր Թալիսա Բալսամի հետ՝ 1989-ից 1993 թթ., ինչպես նաև հանդիպել է Ռենե Զելվեգերի, Լինդա Թոմփսոնի և Էլիզաբեթ Կանալիսի հետ։

Այժմ 43-ամյա փաստաբան Ամալի հետ դերասանն ամուսնացել է 2014 թվականին` Իտալիայում, որտեղ Կոմո լճի ափին տուն ունեն։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, անցյալ ամիս Ջորջ Քլունին ասել էր, որ հայր է դարձել 50 տարեկանից հետո, քանի որ մինչ այդ չէր հանդիպել իր կնոջը` Ամալ Քլունիին։ Դերասանը նշել էր, որ երեխաներ ունեցել է այն ժամանակ, երբ «գտել է ճիշտ մարդուն, որի հետ կուզենար երեխաներ ունենալ»։

Քլունին նշել է, որ ի տարբերություն շատ մարդկանց, իր կյանքի նպատակը երեխաներ ունենալը չի եղել և հավելել, որ իր կյանքը բավականին հագեցած է եղել։

«Հետո ես հանդիպեցի Ամալին և հասկացա, որ իմ կյանքը բավականին դատարկ էր: Երբ իմ կյանքում հայտնվեցին երկու երեխաներս հասկացա, որ այն աներևակայելի դատարկ էր»,- ասել է դերասանը:

Դերասանն այս պահին նկարահանվում է The Tender Bar ֆիլմումը, որը հիմնված է Ջ․Ռ․ Մոերինջըրի համանուն «բեսթսելլերի» հիման վրա։ Գիրքը լույս է տեսել 2005 թվականին և պատմում է հեղինակի կյանքի մասին, ինչից պարզվում է, որ նրա հայրը DJ էր, ով հեռացել է տնից, երբ նա փոքր է եղել։