Վեց կին և մեկ տղամարդ նույն բեմում․ «Կին կոդ» ներկայացման առաջին մանրամասներն ու լուսանկարները

Զառա Սահակյան, Սոնա Մաթևոսյան, Քեթրին Մանասյան, Անի Խաչիկյան, Ռոզի Ավետիսովա, Ռիփփի Նավասարդյան և Ստեփան Ղամբարյան․ այս սիրված և ճանաչված դերասանները զբաղված են ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի նոր «Կին կոդ» ներկայացման մեջ։
ShowBiz.am-ի հետ զրույցում ներկայացման ռեժիսորը խոսեց դրա սյուժեի, դերասանների ընտրության, պրեմիերային պատրաստվելու ընթացքի մասին, ինչպես նաև տրամադրեց առաջին լուսանկարները ներկայացման փոձերից։

Ինչպես նշում է ներկայացման ռեժիսորը, «Կին կոդ»-ը լինելու է սիրային կատակերգություն՝ փոքր դետեկտիվ էլեմենտներով։ «Կարելի է ասել, որ լինելու է կանացի ներկայացում, դրանցում լինելու են կանանց պատմություններ։ Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, ում հետ ես պատիվ ունեմ աշխատելու արդեն հինգերորդ նախագծի շուրջ»,- ներկայացնում է Սեդրակ Գոջամանյանը։

Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի և կինոյի դերասաններ Զառա Սահակյանը, Սոնա Մաթևոսյանը, Քեթրին Մանասյանը, Անի Խաչիկյանը, Ռոզի Ավետիսովան, Ռիփփի Նավասարդյանը և Ստեփան Ղամբարյանը․ «Բավականին հետաքրքիր կազմ է հավաքվել՝ նկատի ունենալով, որ նրանք հավաքվել են տարբեր թատրոններից, տարբեր դպրոցներից, և նրանց հանդիսատեսը առաջին անգամ մեկ բեմում կտեսնի միասին»։

Դերասանական կազմի և նրանց ընտրության մասին խոսելով՝ ռեժիսորը նշում է․ «Եղել է պատմությունը և եղել են դերասաններ, ում համար հատուկ գրվել է տվյալ դերը և դրան հակառակ եղել են այնպիսինները, որոնց հետո ենք ընտրել՝ հենց նրանց տեսնելով այդ դերում։ Եվ ի ուրախություն մեզ շատ լավ թիմ է հավաքվել։ Իհարկե, բոլորն էլ թատրոնում խաղալու փորձ ունեն, բայց բոլորի գույներն էլ տարբեր են, և դա ինձ համար ամենակարևորն ու հետաքրքիրն է»։

Անդրադառնալով սցենարին՝ Սեդրակ Գոջամանյանը նշեց, որ այն հստակ սյուժետային գիծ ունի, որը ծավալվում է երբեմնի դասընկերուհիների շուրջ․ «Յոթ ընկերուհի են, որոնք գնում են նշելու իրենցից մեկի նշանդրեքը։ Ու այդ ընթացքում բնականաբար կանացի խոսկացություններ են լինում, նրանք հիշում են իրենց դպրոցական տարիները, խոսում են նաև իրենց ներկայի մասին ու այդ ժամանակ մի հետաքրքիր բացահայտում է լինում, որը բոլորին հասցնում է մեկ կետի։ Հիմա ուղղակի չեմ ցանկանում շատ բացել փակագծերը։ Ներկայացումը շատ ուժեղ դրամատուրգիա ունի՝ երաժշտական գեղեցիկ մոտիվներով»։

Ստեփան Ղամբարյանը ներկայացման մեջ միակ տղամարդ դերասանն է․ ռեժիսորը խոսեց նաև այդ մասին․ «Ստեփանի համար և՛ շատ հաճելի է, և՛ շատ դժվար է։ Որովհետև դերասանուհիները ենթարկվող չեն և յոթի հետ էլ յոթ տարբեր ձևով խաղալը իրականում շատ բարդ է։ Ստեփանը բավականին փորձառու և պրոֆեսիոնալ դերասան է, ով տարիների ընթացքում ինչ-որ կարծրատիպեր չի ստեղծել, նա կարող է տարբեր նախագծերում շատ հանգիստ տարբեր կերպարներ կերտել։ Նա ինձ միշտ ասում է, որ այդ ամենը, ճիշտ է, բարդ է, բայց հենց բարդության մեջ էլ երևում են դրա հաճելի կողմերը»։

Խոսեցինք նաև փորձերի և դրանց ընթացի մասին․ «Փորձերը շատ լավ ընթացք են ունեցել։ Մենք արդեն մեկուկես ամիս է, ինչ փորձերի ակտիվ փուլի մեջ ենք։ Կարելի է ասել, ամեն բան արդեն պատրաստ է, սկայան մենք փորձերը դեռ շարունակում ենք, քանի որ ցանկանում ենք, որ ամեն բան շատ ռիթմիկ և սահուն ընթացք ստանա»։

Ռեժիսորը նաև փորձեց գուշակել հանդիսատեսի արձագանքը՝ հուսալով միայն դրական կարծիքներ․ «Հանդիսատեսի արձագանքը նախօրոք գնահատելը շատ պատասխանատու գործ է իրականում։ Տեսեք՝ ներկայացման մեջ անդադար ծիծաղ չի լինելու կամ եթե լինելու է, ապա միայն իմաստավորված ու նպատակային։ Ներկայացման մեջ մենք կտեսնենք դրամատուրգիական հումոր՝ երկխոսությունների առումով, կտեսնենք իրավիճակային հումոր, կտեսնենք նաև միզանսենիկ հումոր, որը շատ քիչ է Հայաստանում։ Այնպես որ մենք ունենք ցույց տալու բան»։

Այժմ բազմաթիվ թատրոններ ներկայանում են նորովի՝ նոր ներկայացումներով և նոր ասելիքով, Սեդրակ Գոջամանյանը փորձեց այդ «բազմաթիվների» միջից առանձնացնել իրենց ներկայացումը․ «Անձնակազմից սկսած, բնույթից վերջացրած ամեն բան տարբերվող է լինելու։ Նաև հարկ է նշել, որ կանացի հումարային ներկայացում այժմ քաղաքում չկա։ Ճիշտ է, այն թեթև ժամանցային ներկայացում է, բայց ունի այնպիսի իրավիճակներ, որոնցում քննադատվում է մեր ներկայիս կյանքը, բայց ոչ քաղաքական տեսանկյունից, ինչը շատ կարևոր է»։

Խոսելով երկար դադարից հետո աշխատանքին վերադառնալու դժվարությունների մասին՝ ռեժիսորը պատմում է․ «Ներկայիս դրությամբ իմ ներկայացումներից խաղացանկում են «Հոթել Կալիֆորնիան» և Թամարա Պետրոսյանի մոնոներկայացումը։ Ու հետաքրքիրականն այնն է, որ երբ բացվեցին թատրոնները, հանդիսատեսը միանգամից, այսպես ասած, գրոհեց դեպի թատրոններ, անգամ ավելի մեծ թափով, քան մինչ պատերազմն ու պանդեմիան էր։ Իսկ թատրոնն ու առհասարակ արվեստը մեզ շատ անհրաժեշտ են, որովհետև դու այդ ընթացքում կարողանում ես գոնե մի քանի ժամ անջատվել, կտրվել մեր այսօրվա իրականությունից»։

Իսկ վերջում ռեժիսորն ավելցրեց․ «Ես նորից ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, հարգելով այն բոլոր ռեժիսորներին, ովքեր աշխատել են այս դերասանների հետ, «Կինկոդ» ներկայացման մեջ յուրաքանչյուր դերասանի տեսնելու եք այնպիսին, ինչպիսին մինչ այս երբեք չեք տեսել։ Ես լավի կամ վատի մասին չեմ խոսում, ես խոսում եմ այն մասին, որ նրանք իրենց նախկինում մարմնավորած դերերից շատ տարբեր են լինելու, ու դա թե՛ ինձ, թե՛ իրենց աշխատելու ավելի մեծ հանրավորություն է տալիս։ Եվ հենց դրա համար էլ ես շատ ուրախ եմ և կարծում եմ, որ ներկայացումն իրոք հաջողված է»։

«Կին կոդ» ներկայացման պրեմիերան տեղի կունենա մասիսի 6-ին և 7-ին «Բոհեմ» թատրոնում։

Հեղինակ՝ Լուս Ավագյան