Արմեն Էլբակյանի հետ հանդիպմամբ մեկնարկեց «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը

Դպրոց-մշակութային կազմակերպություն, աշակերտ-արվեստագետ կապն ամրապնդելու նպատակով ապրիլի 30-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:
Աշակերտները հնարավորություն ունեցան հանդիպել կրթության ոլորտի պատասխանատուներ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանի, Ժաննա Անդրեասյանի և զրուցել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Արմեն Էլբակյանի հետ:

Աշակերտներին ողջունելով՝ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ հետպատերազմական շրջանում շատ է խոսվում անվտանգության մասին, իսկ այն սկսվում է կրթությունից:
Նախարարն ընդգծեց, որ Մայր թատրոնում, որտեղ մեկնարկում է ծրագիրը,  տարիներ շարունակ հրաշալի ներկայացումներ են բեմադրվել հրաշալի դերասանների, արվեստագետների մասնակցությամբ, և արվեստը հոգևոր կրթություն է, իսկ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի միջոցով աշակերտները կարող են հոգևոր սնունդ ստանալ:

ՀՀ ժողովրդական արտիստ բեմադրիչ Արմեն Էլբակյանն էլ նախքան աշակերտների հետ զրուցելը նշեց, որ մարդ արարածը լույս աշխարհ է գալիս արվեստը կրելով, հետո է սկսում գիտակցել, թե որտեղ է ինքը, ինչ մթնոլորտում է  ապրում, որն է ապրելու նպատակը և ինչպես պետք է ապրի, որ կարողանա գնահատել այն ամենը, ինչ կատարվում է իր շուրջը և իր ներդրումն ունենա հավիտենական շարժման մեջ, որը կյանք է կոչվում:

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրն անցկացվելու է Հայաստանի բոլոր մարզերում։ 30 արվեստագետի հետ հանդիպումներին մասնակցելու են աշակերտներ 600 դպրոցից։ Դասախոսություններն ուղեկցվելու են արվեստագետներին ներկայացնող հատուկ պատրաստված տեսաֆիլմերով և տեսալսողական նյութերով։ Հանդիպումները տեսանկարահանվելու և հասանելի են լինելու ծրագրի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում՝ www.facebook.com/arttoschool, որտեղ անցկացվելու են նաև խաղ-վիկտորինաներ՝ դպրոցականների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը մեծացնելու նպատակով։