Երևանի քաղաքապետարանը չեղարկել է Ջազի հայկական ասոցիացիայի այսօրվա միջոցառումը Սիրահարների այգում

Այսօր՝ ապրիլի 30-ին, նախատեսվում էր Ջազի հայկական ասոցիացիայի միջոցառումը Ջազի միջազգային օրվա առթիվ։ Այն, սակայն, չեղարկվել է։ Ջազի հայկական ասոցիացիան Ֆեյսբուքյան էջում հանդես է եկել գրառմամբ։
«Հարգելի երևանցիներ և Երևան քաղաքի հյուրեր, Ջազի Հայկական Ասոցիացիայի կողմից նախապես հայտարարված ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրվա 10-րդ հոբելյանին նվիրված միջոցառումը Սիրահարների այգում չեղարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,– գրել են նրանք։

Նշենք, որ տասը տարի անընդմեջ Ջազի հայկական ասոցիացիան՝ Կամո Մովսեսյանի ղեկավարությամբ Հայաստանում իրականացնում է Ջազի Միջազգային օրվան նվիրված միջոցառում: Նախկինում համերգային երեկոն տեղի էր ունենում Գաֆեսճեան քանդակների պարտեզում, այս տարի համերգը նախատեսվում էր անցկացնել Սիրահարների այգում: Միջոցառմանը հաշված օրեր էին մնացել, սակայն Կամո Մովսիսյանը Ֆեյսբուքի իր էջում նշել էր, որ ապրիլի 21–ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից պաշտոնական որևէ պատասխան դեռ չկար։

Կամո Մովսիսյանը միջոցառման չեղարկումից հետո արել է հետևյալ գրառումը․ «Այսօր ամբողջ աշխարհը նշում է Ջազի միջազգային օրը։ Այս առիթով շնորհավորում եմ բոլոր իմ գործընկերներին, ջազի սիրահարներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս օրը և ընդհանրապես, ջազի՝ մեր հայրենիքում հանրահռչակման գործում։ Ցավոք, այս հոբելյանական տարին պատշաճ ձևով չի նշվում, ինչպես մնացած տարիներին՝ սկսած այն օրվանից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հռչակեց Ջազի միջազգային օր։ Սակայն այս տոնական օրը չեմ ուզում անդրադառնալ Ջազի միաջազգային օրը Երևանում 10-րդ անգամ չնշելու պատճառներին։ Ես դա կանեմ վաղը, շաբաթ օրը, իմ ասուլիսի ժամանակ։ Ինչևէ, ես ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլոր ջազմեններին և ջազի սիրահարներին՝ Ջազի միջազգային օրվա կապակցությամբ»։