Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ էր հղել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյաին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի համար:
Քիմ Քարդաշյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել էր. «Ձեր և Ձեր ընտանիքի ազդեցությունը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում, և հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»:
Քիմ Քարդաշյանը Թվիթերում արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նամակին: Նա իր ուրախությունն է հայտնել այն առիթով, որ կարողացել է նպաստել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման բարձրացմանը:
Քարդաշյանը շնորհալություն է հայտնել նախագահին, որ միշտ ժամանակ է գտնում Հայաստանի մասին իրեն նոր գիտելիքներ փոխանցելու համար:
«Շնորհակալ եմ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին, հայկական բոլոր խմբերին եւ յուրաքանչյուր հայի, ով պայքարեց ճանաչման այս օրվա համար: Ուրախ եմ, որ կարողացա նպաստել իրազեկման բարձրացմանը եւ միշտ կշարունակեմ աջակցել այս գեղեցիկ երկրին»,-գրել է նա: