Կայացավ Մեգիի նոր տոսահոլովակի պրեմիերան․ Իրինա Թովմասյանի դուստրը՝ ապագա ծրագրերի և «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մտքերի մասին

«Նկարահանումների ժամանակ Մեգիին անհնար էր ջրից հանելը։ Պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ ու վարսահարդարմամբ նա ամբողջ ընթացքում եղել է լողավազանում»,Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է «Միս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը, ում դստեր՝ Մեգիի՝ «EMOTIONS» երգի տեսահոլովակի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 1-ին։

Երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը Վահան Նահապետյանն է, իսկ ռեժիսորը` Դավիթ Բադալյանը:
Մեգին ունի 11 երգ, թողարկված 1 ձայնասկավառակ, 5 տեսահոլովակ, երգարվեստի ասպրեզում է 5 տարեկանից:

Մայրիկի` ջանքերով Մեգիի տեսահոլովակի պրեմիերան ազդարարվեց փակ շնորհանդեսով, որին ներկա էին նրա ընկերներն ու հարազատները։
Ցերեկույթի ընթացքում Մեգին երգեց` ներկայացնելով իր արդեն հայտնի երգերը։ Շնորհանդեսի ժամանակ երիտասարդ երգչուհին անակնկալ էր պատրաստել նաև հանդիսատեսի համար․ նա կազմակերպեց փոքրիկ մրցույթ, հանձնեց շնորհակալագրեր և իսկական տոնի վերածեց փոքրիկ ցերեկույթը։

Երգչուհուն յուրաքանչյուր հարցում աջակցում են մայրիկն ու տատիկը։ Մեգին ասում ՝ նրանք իր և՛ ամենահարազատ մարդիկ են, և՛ լավագույն խորհրդատուները։ Ի դեպ, խորհուրդների հարցում երգչուհուն օգնության է հասնում նաև մորաքույրը` Լուսինե Թովմասյանը, ում Մեգին համարում է իր իդեալը։

Մեզ հետ զրույցում Մեգին հայտնեց, որ կլինեն նաև ոճային փոփոխություններ ու տարբեր տեսակի տեսահոլովակներ․ «Բնականաբար, կլինեն։ Սա դեռ սկզիբն է։ Այս տեսահոլովակն այնպիսին է, ինչպիսին ես եմ, այն ամբողջությամբ բնութագրում է ինձ։ Ծրագրերում կա արդեն երկու երգ, որոնցից մեկը ամբողջովին այլ ոճի մեջ է, սակայն փակագծերը դեռ չեմ բացի։
Հիմա մեր երգարվեստում գերակշռում են տխուր նոտաները, և կարելի է օգտվել եվրոպական այլ ոճերից, որովհետև ամբողջ աշխարհը գնում է առաջ, և ես կցանկանամ, որ Հայաստանը նույնպես գնա առաջ և իր համար ինչ-որ չափով բացահայտի նոր երաժշտական ոճեր»։

Երիտասարդ երգչուհին կիսվում է, որ շատ է սիրում Քրիստինա Ագիլերային, Ադելին։ Նա խոստովանում է, որ դեռ մտահղացում չի եղել, որպեսզի հայտնի մայրիկն ու մորաքույրը նկարահանվեն իր տեսահոլովակում, սակայն արդեն դիտարկում է այդ միտքը։

Իրինա Թովմասյանը հիշում է, որ այս տեսահոլովակի շնորհանդեսը պետք է լիներ 2020-ին, սակայն վատ տարին խափանեց ծրագրերը։
«Անցած տարին ինձ համար անցավ սարսափելի։ Ես ունեցել եմ ծնողի կորուստ, ով կորոնավիորուսի հետևանքով մահացավ, հետո պատերազմը․․․ »,- ցավով հիշում է նա։

Իրինա Թովմասյանը կիսվում է, որ ռեժիսոր Դավիթ Բադալյանի հետ վաղուց էր ցանկանում աշխատել, ու քանի որ երգը չափազանց շատ էին հավանել, որոշեցին նաև դրա հիման վրա տեսահոլովակ ունենալ։
Նա նաև հավատացնում է, որ երգի կամ տեսահոլովակի վրա աշխատելիս երբեք չեն մտածում կոմերցիայի մասին։
«Բնականաբար, այս երգը հարսանիքին չես կարող երգել, և ուրախ եմ, որ Մեգին ընտրում է ոչ թե կոմերցիոն երգ, այլ իրեն հոգեհարազատ ստեղծագործություն։
Ինքը հաճույքի համար է երգում, բայց այդ ամենը բումերագնի պես է աշխատում․ նա տարբեր գործեր է անում, որոնք իրեն ճանաչելիություն են բերում, ինչի արդյունում էլ լինում են բազմաթիվ համագործակցության առաջարկներ»
,-ասում է Իրինան։

«Միս Հայաստան 2001»-ը չի բացառում, որ դուստրն էլ իր պես մի օր ցանկություն կհայտնի ու կմասնակցի գեղեցկության մցրույթի, սակայն հավելում է, որ հիմա Մեգին իրեն տեսնում է միայն մոդելային ասպարեզում։
Իրինան նաև խոստովանում է, որ դուստը ցանկություն ունի մասնակցելու «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթին, Մեգին էլ իր հերթին ասում է․ «Իրականում, դրանք ուղղակի մտքեր են, որոնք կարելի է իրականացնել»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան