«Գահերի խաղը» սերիալի աստղը դատի է տվել ռոքեր Մերիլին Մենսոնին

«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ, անգլիացի դերասանուհի Էսմե Բյանկոն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ռոքեր Մերիլին Մենսոնի՝ նրան մեղադրելով բռնաբարության ու սեռական բնույթի գործողությունների մեջ: Lenta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է Rolling Stone-ը:

Նշվում է, որ երաժիշտը բազմիցս թմրանյութեր է օգտագործել, դիմել է բռնի ուժի և սպառնալիքների՝ ստիպելով Բյանկոյին սեռական հարաբերություն ունենալ: Հայցում նշվում է, որ Մենսոնը բռնաբարել է դերասանուհուն 2011-ի մայիսին:

Փաստաթուղթը նաև պնդում է, որ ռոքերը «սեռական բնույթի գործողություններ է կատարել» Բյանկոյի նկատմամբ, մինչ նա անգիտակից վիճակում է եղել: Նշվում է, որ Մենսոնը, իր մենեջեր Թոնի Չիուլլայի հետ միասին, խախտել է մարդկանց վաճառքի մասին օրենսդրությունը, երբ դերասանուհուն Լոնդոնից Լոս Անջելես են բերել: Բյանկոյի խոսքով ՝ տղամարդիկ իրեն խոստացել են մասնակցել ինչպես երաժշտական տեսահոլովակի նկարահանումներին, այնպես էլ ֆիլմում, բայց դրանք երբեք դուրս չեն եկել:

«Գահերի խաղի» աստղը հավելել է, որ երաժիշտը ստիպել է իրեն կատարել «չվճարված աշխատանք» ՝ պատրաստել սնունդ ու մաքրել իր բնակարանը: Մենսոնը նաև Բյանկոյին ասել է, որ քանի որ ինքը նրան բնակարանով է ապահովել, ապա վերջինս «իրեն պարտական է աշխատանք և սեռական մտերմություն»: