Ջենիֆեր Լոպեսը ելույթ է ունեցել մոր հետ` կատարելով իր մանկության երգը (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, պարուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը մոր՝ Գվադելուպեի հետ ելույթ է ունեցել Global Citizen VAX Live համերգի ժամանակ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

51-ամյա Ջենիֆեր Լոպեսը 3 անգամ բեմ է բարձրացել Լոս Անջելեսի «ՍոՖի» ստադիոնում՝ ներկայանալով 3 տարբեր զգեստերով։

Երգչուհին առաջին անգամ բեմ է բարձրացել՝ Նեյլ Դայմոնդի Sweet Caroline երգը կատարելու համար, որը երգել է իր մոր՝ Գվադելուպեի հետ, քանի որ իր մանկության տարիներին մայրը սովորություն է ունեցել այդ երգն իր համար երգել։

«Եկեք այն օրորոցայինի պես երգենք և օգնենք նրան»,- ասել է Լոպեսը հանդիսատեսին, ապա մորը խնդրել, որ երգի այնպես, ինչպես երգել է իր համար։

Ելույթի ընթացքում Լոպեսը կրել է լիբանանցի աշխարհահռչակ մոդելավորող Զուհայր Մուրադի զգեստներից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախօրեին Կալիֆոռնիայի Ինգլվուդ քաղաքի «ՍոՖի» մարզադաշտում Հոլիվուդի աստղերի մասնակցությամբ տեղի է ունեցել Global Citizen: Vax Live համերգը, որի նպատակն էր համաշխարհային առաջնորդներին կոչ անել COVID-19 պատվաստանյութի արդարացի բաշխում իրականացնել, ինչպես նաև գումար հավաքել աշխարհում վարակի հետևանքով տուժած ընտանիքիների համար։

Միջոցառմանը մասնակցել են մի շարք հայտնիներ, այդ թվում՝ արքայազն Հարին, ամերիկացի երգչուհիներ Ջենիֆեր Լոպեսը և Սելենա Գոմեսը, մոդել Քրիսի Թեյգանը և այլք, որոնք հայտնվել են նաև կարմիր գորգին։