Հայկ Կազազյանի, Վահագն Պապյանի մասնակցությամբ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակում երեք համերգ է նախատեսվում, որոնց ընթացքում կհնչի դասական և ժամանակակից կոմպոզիտորների տասը ստեղծագործություն:

Փառատոնի բացման հանդիսավոր երեկոն տեղի ունեցավ մայիսի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ ջութակահար, Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար Հայկ Կազազյանը: Համերգը ղեկավարեց դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը: Հնչեցին Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործություններից։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կազազյանը, որն ամեն հնարավոր առիթ օգտագործում է հայրենիքում ելույթ ունենալու համար, նշեց՝ փառատոնը հնարավորություն է տալիս կատարել հայ հեղինակների գործեր, որոնք կա՛մ երբեք չեն հնչել, կա՛մ էլ հազվադեպ են կատարվել: «Ինձ համար էական նշանակություն ունի այն, որ ոչ միայն հայ, այլև օտարազգի մենակատարներն են նվագում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երբ նրանք առնչվում են հայ հեղինակներին, հնարավոր է՝ Հայաստանում նվագելուց հետո մեր երաժշտությունը ներկայացնեն այլ համերգային ծրագրերում»,-շեշտեց ջութակահարը:

Կազազյանն օտար բեմերում պարբերաբար հնչեցնում է Միքայել Թարիվերդիևի Ջութակի երկու կոնցերտները և այլ հայ հեղինակների ստեղծագործություններ: Նա հրաշալի նմուշ է համարում Առնո Բաբաջանյանի Ջութակի կոնցերտը, որը ներկայացրեց փառատոնին: Ըստ ջութակահարի՝ այն Խաչատրյանի Ջութակի կոնցերտից հետո լավագույնն է: Նա պատմեց, որ Բաբաջանյանի Ջութակի կոնցերտն առաջին անգամ 1949 թվականին կատարել է համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար Լեոնիդ Կոգանը, հետո այն մոռացության է մատնվել, հետագայում Ջութակի կոնցերտը նվագել է ՀՀ վաստակավոր արտիստ Վիլլի Մոկացյանը: «1996 կամ 1997 թվականին այն նվագել է Մաքսիմ Ֆեդոտովը: Չգիտեի այդ ստեղծագործության մասին, բայց երկու տարի առաջ հայտնաբերեցի ու որոշեցի անպայման նվագել: Այս տարի Բաբաջանյանի 100-ամյակն է: Հույս ունեմ այն ներկայացնել Ռուսաստանի բեմերում»,-ընդգծեց ջութակահարը:

Կազազյանը նշեց, որ հրաշալի կլինի, եթե հնարավորություն ընձեռվի նույն ծրագրով ներկայանալ ՀՀ մարզերում և Արցախում:

Դիրիժոր Վահագն Պապյանի խոսքով էլ փառատոնը կարևորագույն նախաձեռնություն է, քանի որ առիթ է ընձեռում ունկնդրելու այն ստեղծագործությունները, որոնք հաճախ չեն հնչում: «Ներկայացվում են գործեր, որոնք երբեմն մասնագետներին են անծանոթ: Գուցե այս կամ այն ստեղծագործությունը կոմպոզիտորի համար անցողիկ է, սակայն փառատոնին լրացնում է այն բացերը, որոնք կան հեղինակների ամբողջական ընկալման համար»,-շեշտեց դիրիժորը:

Պապյանը խոստովանեց, որ իր համար բացահայտում է Բաբաջանյանի Ջութակի կոնցերտը, որի մասին իմացել է, սակայն առիթ չի ունեցել լսելու: «Այն կատարելու ենք հայտնի ջութակահար Հայկ Կազազյանի հետ: Կարևոր է նաև այն փաստը, որ փառատոնի միջոցով հարգանքի տուրք են մատուցում այն կոմպոզիտորներին, որոնց հոբելյաններն են նշվում: Նախորդ տարի չնշվեց Ղազարոս Սարյանի 100-ամյակը, իսկ այս տարի Բաբաջանյանինն է, Ադամ Խուդոյանինը: Հիշում ու գնահատում ենք այն մեծերին, որոնք մեծ դերակատարություն են ունեցել մեր երաժշտության պատմության զարգացման գործում»,-շեշտեց Պապյանը:

Անդրադառնալով նվագախմբի հետ համագործակցությանը՝ երաժիշտն ասաց, որ 2009-ից է աշխատում Սիմֆոնիկի հետ և շատ է սիրում այն: Պարբերաբար հանդես է եկել նվագախմբի հետ և՛ որպես դիրիժոր, և՛ որպես դաշնակահար:

Մայիսի 4-22-ը Երևանում անցկացվող Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման համար:

Փառատոնային համերգներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը և թավջութակահար Արամ Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ասատրյանը և Վահագն Պապյանը։