Հայ նկարչի աշխատանքներից մեկը հայտնվել է Նյու Յորքի կենտրոնում․ տեսանյութ

Հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» հայտնի շարքի աշխատանքներից մեկը Նյու Յորքի խոշորագույն արտ–տոնավաճառի՝ Cube Art Fair-ի գլխավոր պաստառն է դարձել։ Տոնավաճառն անցկացվում է մայիսի 5-9-ը:
Տիգրանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Երեկ այս մասին չէի մտածում, բայց այսօր իրականում տեսա դա ու ապշեցի։ Կարծես մանկության երազանք կատարված լինի»։

Գրառումն իրարանցում է առաջացրել նկարչի ընկերների ու հետևորդների շրջանում. նրանք անվերջ շնորհավորանքներ են գրում նկարչին:
Տիգրանը ծնվել է Երևանում։ 2000-ականներին մեկնել է Շվեյցարիա` սովորելու, հետագայում տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրում է մինչ օրս։
Նկարիչն իր արվեստը սահմանում է որպես տեխնոլոգիական վերածնունդ։ Սա նոր ուղղություն է ոչ միայն հայկական կերպարվեստում, այլև համաշխարհային արվեստում։