Եղիսաբեթ II-ն ընդլայնում է ալկոհոլի արտադրությունը. տեսականին կհամալրվի գարեջրի 2 տեսակով

Եղիսաբեթ II թագուհին թույլ է տվել, որ Սանդրինգեմի իր կալվածքում աճած բույսերից գարեջուր պատրաստեն։ Բրիտանական People–ը հայտնում է, որ արդեն եփվել են գարեջրի երկու տեսակների առաջին նմուշները։

«Թագավորական» գարեջրի մեկ շիշը (500 մլ) 5,5 դոլարով վաճառվում է Սանդրինգեմի հուշանվերների խանութում: Բուքինգհեմյան պալատն անցյալ տարի էլ էր նման քայլի դիմել: Թագուհու անունից ջին էր արտադրվել թագավորական նստավայրի տարածքում հավաքված բույսերից։ Այս շաբաթ պալատը կսկսի մրգային համով ջինի նոր տեսակ պատրաստել, որի մեկ շիշը 41 դոլար է գնահատվում։ People–ը կարծում է, որ ալկոհոլի արտադրությամբ զբաղվելու որոշումն իր պատճառներն ունի։ Թագավորական ընտանիքի նախկին խոհարար Դարեն Մաքգրեդին ասել է, որ Եղիսաբեթ II-ն ամեն օր Դյուբոննե վերմուտով, մի կտոր կիտրոնով, մեծ քանակությամբ սառույցով ու ջինով կոկտեյլ է վայելում։

Բացի այդ, ջինի ու գարեջրի արտադրությունն օգնում է պահպանել Եղիսաբեթ II-ի թանկարժեք հավաքածուները: Թագունին, բացի անշարժ գույքի մի քանի օբյեկտներից ու հողերից, որոնք լավ եկամուտ են բերում, նաև շատ արժեքավոր իրեր ունի, իսկ դրանց պահպանման համար գումարներ են հարկավոր։