Խիստ դիետաներն ու սովապահությունը օգնում են հիպերտոնիայի դեմ պայքարում

Ամերիկացի գիտնականներն առնետների վրա փորձարկում են իրականացրել ու պարզել, որ կերակրելուց մեկ օր անց կենդանիների մոտ աղիներում փոխվում է բակտերիաների բաղադրությունը և իջնում արյան ճնշումը:
Հեղինակները կարծում են, որ իրենց հայտնագործությունը կօգնի սննդի ընդունման ձևի կարգավորման ֆոնին մշակել հիպերտոնիայի դեմ պայքարի նոր մեթոդներ:
Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Circulation Research» ամսագրում: Արևմտյան երկրներում հասուն բնակչության գրեթե կեսը տառապում է հիպետորնիայի հետևանքով: Զարկերակային բարձր ճնշումը մեծացնում է սիրտ-անոթային խնդիրների ու ինսուլտի հավանականությունը:
Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականները որոշել են պարզել՝ արդյոք հնարավոր է աղիների միկրոֆլորայի շնորհիվ կարգավորել արյան ճնշումը:

«Մեր լաբորատորիայի նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ինսուլտի հակված հիպերտենզիայով առնետների մոտ միկրոֆլորայի կազմը տարբերվում է զարկերակային նորմալ ճնշում ունեցող առնետների միկրոֆլորայից»,-ասված է քոլեջի տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդ ուսումնասիրություններով էլ գիտնականները պարզել էին, որ սովապահությունն ազդում է աղիների միկրոֆլորայի և սրտի առողջության վրա:
Սակայն՝ ինչպես են աղիների բակտերիաներն ազդում զարկերակային ճնշման վրա, պարզ չէր:
Հետազոտության հեղինակները լաբորատոր առնետներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբին կերակրել են երկու օրը մեկ անգամ, իսկ երկրորդ խումբը սննդի անսահմանափակ հասանելիություն է ունեցել:
Նշվում է, որ առաջին խմբի մոտ որոշ ժամանակ անց զարկերակային ճնշումը զգալիորեն իջել է: