Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը ցանկանում է արդիականացնել միապետությունը

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի թոռը՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամը, արդեն մտածում է այն մասին, թե ինչպես է ցանկանում արդիականացնել երկրի միապետական համակարգը, գրում է US Magazine-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների խոսքերը:

Ըստ այդմ, 39-ամյա արքայազնը «արդեն մտածում էր միապետության ապագայի և իր կողմից կատարվելիք փոփոխությունների մասին», չնայած որ նա ներկայում գահի հաջորդ  ժառանգորդը չէ. ներկայում թագաժառանգը նրա հայրն է` արքայազն  Չարլզը: Նշվում է, որ չնայած Ուիլյամը հարգում է արարողակարգերն ու ավանդույթները, բայց համարում է, որ իր առաքելությունն է՝ ավելի սերտ կապ հաստատել ժողովրդի հետ:

«Նա և նրա կինը՝ Քեյթը, հաջողությամբ առողջ հավասարակշռություն են ստեղծել արքայական ընտանիքին շրջապատող գաղտնիության և քողարկման միջև: Նա ընդունում է այն փաստը, որ ուշադրության կենտրոնում գտնվելն իր աշխատանքի մի մասն է, և նա գոհ է դրանից»,- ասել է աղբյուրը:

Բացի այդ, աղբյուրը հավելել է, որ արքայազնը լուրջ է վերաբերվում թագավորի հետագա դերին և մեծ պատիվ և արտոնություն է համարում նման պաշտոն զբաղեցնելը:

«Միապետությունը և ընտանիքը նրա համար միշտ առաջին տեղում կլինեն», – ասել է լրատվամիջոցի զրուցակիցը և հավելել, որ տարիների ընթացքում Ուիլյամը «ապացուցել է, որ ինքն արժանի է» գահին, իսկ նրա կինը՝ Քեյթը, կշարունակի մնալ հիանալի հենարան նրա համար:

Հիշեցնենք՝ ավելի վաղ փորձագետները կասկած էին հայտնել, թե արդյոք արքայազն Չարլզը թագավոր դառնալու հնարավորություն ունի:

Արքայազն Չարլզը Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ավագ որդին է, որը նրա մահվանից հետո պետք է ժառանգի Մեծ Բրիտանիայի գահը: Բացի Չարլզից, Էլիզաբեթ Երկրորդը ևս երեք երեխա ունի՝ արքայադուստր Աննան, արքայազն Էդվարդը և արքայազն Էնդրյուն: Վերջինս 2019-ին թագավորական ընտանիքի ավագ անդամի լիազորությունները վայր է դրել անչափահաս աղջիկներին բռնաբարելու մեղադրանքի պատճառով: Մեծ Բրիտանիայի գահը ժառանգելու հարցում երկրորդը տեղում Չարլզի որդին է՝ արքայազն Ուիլյամը: Նրա կրտսեր եղբայրը՝ արքայազն Հարրին, դեռևս 2020 թվականին հրաժարվել էր թագավորական ընտանիքի ավագ անդամի պարտականություններից և կնոջ ու որդու հետ մեկնել էր ԱՄՆ: