Լավագույն դիմակները մազարմատներն ամրապնդելու և վարսերին առողջ փայլ հաղորդելու համար․ 7 բաղադրատոմս

Փարթամ, առողջ ու փայլուն վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ սխալ խնամքը, վատ սննդակարգը, մազերի հարդարման վնասակար միջոցների գործածությունն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները բացասաբար են անդրադառնում մազերի որակի, աճի ու տեսքի վրա, ինչի հետևանքով դրանք վնասվում են, թուլանում, նոսրանում ու կորցնում են առողջ փայլը։

Նման խնդիրներից խուսափելու և մազարմատներն ամրապնդելու համար մարդիկ սովորաբար կիրառում են հատուկ դիմակներ ու կոնդիցիոներներ, սակայն դրանք պարունակում են քիմիական վնասակար տարրեր և ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև կարող են էլ ավելի վատթարացնել մազերի վիճակը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են խուսափել պատրաստի խնամքի միջոցներից և նախապատվությունը տալ բնական դիմակներին, որոնք արդյունավետ են, շատ ավելի հասանելի և չեն պարունակում որևէ վնասակար բաղադրիչ։

  • Կռատուկի արմատները 15 րոպե եփել, փափկած արմատները տրորել ու խյուս դարձնել, այնուհետև ստացված խյուսին ավելացնել մի փոքր ձիթայուղ, որպեսզի ստացվի թթվասերի թանձրության համասեռ զանգված։ Ստացված դիմակը քսել մազերին ու գլխամաշկին, մի փոքր մերսել մաշկը և թողնել դիմակը մեկ ժամ։
  • Վաղենակի ծաղիկներին 1։10 հարաբերակցությամբ ավելացնել օղի և թրմել 14 օր։ Ստացված ոգեթուրմի մեկ ճաշի գդալը լուծել կես բաժակ եռացրած ջրում և օգտագործել լուծույթն ամբողջ երկայնքով մազերին քսելու համար։
  • Խառնել երկուական ճաշի գդալ չորացրած վաղենակի ծաղիկները, գայլուկի կոներն ու կռատուկի արմատները, ստացված խառնուրդին ավելացնել մի լիտր ջուր, այնուհետև դնել կրակին, եռացնել ու շարունակել եփել թույլ կրակի վրա ևս 15 րոպե։ Ստացված եփուկը քամել և օգտագործել շաբաթական 3 անգամ լոգանքից հետո վարսերը մաքրաջրելու համար։
  • 1 ճաշի գդալ մեղրը մի փոքր տաքացնել մինչև այն դառնա ծորուն զանգված, այնուհետև քսել այն խոնավ վարսերին, թողնել 40 րոպե և լվանալ գոլ ջրով (առանց շամպունի)։
  • Գիհի ծառի մանրացրած ճյուղերին ավելացնել նույն քանակությամբ կեչու չորացրած տերևներ։ Խառնուրդի մի բուռին ավելացնել 2 լիտր ջուր, դնել կրակին ու եռացնել 5 րոպե։ Թողնել խառնուրդը որևէ տաք տեղում թրմվի ևս 1 ժամ, այնուհետև օգտագործել լոգանքից հետո վարսերը մաքրաջրելու համար։
  • Խառնել հավասար քանակությամբ եղեսպակի, եզան լեզվի ու եղնջի մանրացրած տերևները, ինչպես նաև երիցուկի ծաղիկները, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 200 մլ եռման ջուր, թրմել 1 ժամ ու քամել։ Ստացված թուրմին ավելացնել սև հացի միջուկն ու լավ խառնել մինչև ստացվի համասեռ խյուսանման զանգված, այնուհետև քսել այն գլխին, թողնել 2 ժամ, որից հետո լվանալ։
  • Խառնել մեկական ճաշի գդալ եղնջի տերևները, դաշտային ձիաձետի խոտն ու երիցուկի ծաղիկները, այնուհետև խառնուրդին ավելացնել 1 լիտր ջուր և 30 րոպե եփել տաք գոլորշու վրա։ Ստացված թուրմն օգտագործել լոգանքից հետո վարսերը մաքրաջրելու համար։

Այս բնական միջոցները շատ պարզ են ու արդյունավետ, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում մազաթափությունն ու մազերի որակի վատթարացումը կարող է պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով, ուստի մինչ նման միջոցների կիրառումը հարկավոր է անպայման խորհրդակցել մասնագետի հետ։ Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել ու լուրջ բարդություններ առաջացնել: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել կոկորդի ցավի հիմնական պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: