Կինոյի ոլորտը կանոնակարգող նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

ՀՀ ազգային ժողովը քննարկել է Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է նաև պետական աջակցության շնորհիվ նպաստել կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացմանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Արթուր Մանուկյանի, Արման Եղոյանի և «Լուսավոր Հայաստան»-ից Աննա Կոստանյանի հեղինակած նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Կոստանյանը:

Կոստանյանի խոսքով՝ փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կինեմատոգրաֆիայի ոլորտի համապարփակ կարգավորման և միասնական իրավական ակտերի սահմանման անհրաժեշտությամբ: Մասնավորապես անհրաժեշտ է կանոնակարգել կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման, ֆիլմերի վիճակագրական հաշվառման և այլ հարցեր:

«Ռազմավարության նշանակետը կայանում  հետևյալում, որպեսզի կինոարտադրողը զարգանա, որպեսզի համատեղ արտադրությունը զարգանա և օտարերկրյա արտադրողները Հայաստան գան ֆիլմեր նկարահանելու համար: Ռազմավարության գործիքակազմը նպաստում է տեղի արտադրողի և նրա համագործակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, որպեսզի նա այդ պայմանների շնորհիվ կարողանա որպես արտադրող զարգանալ, նախագծեր իրականացնել, հեղինակություն ձեռք բերել, միջազգային ասպարեզում այդ հեղինակություն օգտագործել, ինչպես նաև նպաստել երկիրը կինոյի միջոցով պրոպագանդելուն, միջազգային համագործակցություններ հաստատելուն՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը»,- ասել է պատգամավորը:

Գործիքակազմի օրինակ է պետական հատկացումը՝ սուբսիդիան, արտադրողին վերջապես հենց որպես սուբսիդիա հատկացնելու մեխանիզմը: Գործիքակազմի մեկ այլ օրինակ են արտոնությունները:  Առաջարկվում է հայկական ֆիլմերի տոմսերի վաճառքից շահութահարկը ազատել: Կոստանյանի վստահեցմամբ՝ պետական բյուջեի վրա սա բացասական ազդեցություն չի ունենալու:

Ներդրվում է նաև «քեշբեքի» նոր համակարգ: «Հավաստագրի հիման վրա  մատակարարի կողմից ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունների նկատմամբ կիրառված 20 տոկոս զեղչի չափով շահութահարկից ազատման արտոնությունը տալու է հնարավորություն, որպեսզի օտարերկրյա  ներդրողները ևս հետաքրքրություն ունենան այստեղ ֆիլմ նկարելու համար»,- ասել է Կոստանյանն ու հավելեց, որ սա ևս պետբյուջեի վրա բացասական ազդեցություն չի  ունենալու: