Ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախումբը «France 3» հեռուստատեսության եթերում կատարել է Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» («Pour toi Arménie») երգը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է եթերի տեսագրությունը։ Երգչախումբը ելույթ է ունեցել հեռուստահաղորդման ընթացքում․ տաղավարում հյուրերի թվում է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին։ Այս կատարումը նրա համար ակնհայտորեն անակնկալ էր։
Երգչախմբի ելույթը սկսվում է դուդուկահար Արտյոմ Մինասյանի կատարմամբ։ Առաջին իսկ հնչյուններից հուզված Ֆիորին տարուբերում է գլուխն ու հաղորդման մյուս հյուրին՝ հայտնի մոդել Կառլա Բրունիին ցույց է տալիս իր առջև դրված դուդուկը՝ ներկայացնելով, թե ինչ գործիք է հնչում։
Փոքրիկները սկսում են երգել, ու Ֆիորիի աչքերում արցունքներ են հայտնվում։ Ամբողջ երգի ընթացքում հանրահայտ երգիչը չափազանց հուզված էր։
Ելույթից հետո հաղորդավարուհին շնորհակալություն է հայտնում «Cap Coeur» մանկական երգչախմբին և դուդուկահար Արտյոմին, որոնք այս կատարումը պատրաստել էին հատուկ Պատրիկ Ֆիորիի համար։
«Պատրիկին նույնպես հուզեցին մանկական ձայները»,- նկատում է հաղորդավարուհին։
Ֆիորին բեմ է բարձրանում, հայերեն «շնորհակալություն» ասում, հետո արդեն ֆրանսերեն շարունակում․
«Շնորհակալություն, երեխաներ։ Դա հրաշալի էր։ Շատ, շատ, շատ գեղեցիկ նվեր է»։
Պատրիկ Ֆիորին հուզառատ խոսքերից հետո խոնարհվում է փոքրիկների առջև։