Ծիծեռնակաբերդի լուսանկարը հայտնվել է The Guardian-ի ֆոտոշարքում

Բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականը մարդու իրավունքներին վերաբերող ֆոտոշարք է հրապարակել, որում ընդգրկել է նաև ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկար։
Ֆոտոշարքում ներառված լուսանկարներն աշխարհի տարբեր երկրներում են արված և ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ պայքարում իրենց ազատության, իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար՝ Իտալիա, Պաղեստին, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կոլումբիա, Եթովպիա, Հայաստան․․․

Հատկանշական է, որ բավականին ընդարձակ աշխարհագրությամբ և թեմատիկայով շարքը վերնագրվել է այսպես. «Փախստականներն ու Հայոց ցեղասպանությունը․մարդու իրավունքները՝ վերջին երկու շաբաթվա ֆոտոշարքում»։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկարին կից նաև նկարագրություն է հրապարակված։

«Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում, նշում են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը։ Մոտ1,5 միլիոն հայ է զոհվել 1915-16 թվականներին այն բանից հետո, երբ օսմանյան թուրքերը զանգվածաբար տեղահանեցին նրանց Արևելյան Անատոլիայից և հարակից շրջաններից դեպի Սիրիական անապատ։ Շատերը մահացել են սովից կամ հիվանդություններից, երբ մահվան երթով քայլում էին անապատում, կամ էլ սպանվել են զինվորների կողմից։ Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որ թուրքական արշավը պաշտոնապես ճանաչեց որպես ցեղասպանություն»,- նշված է նկարագրության մեջ։

Ֆոտոշարքի ենթավերնագրում նշված է՝ Կոլումբիայից մինչև Չինաստան մարդու իրավունքների և ազատության պայքարի լուսաբանման ակնարկ։