Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը նվերներ են արել անօթևան հղի կանանց և նրանց երեխաներին (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, Մայրերի օրվա կապակցությամբ անօթևան հղի կանանց և նրանց երեխաների խնամքով զբաղվող կազմակերպությանը տակդիրներ և այլ պարագաներ են նվիրաբերել, հաղորդում է Daily Mail-ը։

Harvest Home կազմակերպությունը նվիրատվության մասին լուրը նախօրեին հատնել է Instagram-ի էջում։

«Այսօր մենք շատ ուրախ ենք, որ ունենք Սասեքսի դուքսի և դքսուհու Archewell հիմնադրամի և Procter & Gamble-ի աջակցությունը, որոնք տակդիրներ, մաքրող միջոցներ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են նվիրաբերել Harvest Home-ի մայրերին և երեխաներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օրեր առաջ Մեգան Մարքլը Vax Live-ի ուղիղ հեռարձակման ժամանակ հանդես էր եկել ուղերձով։

«Ես և ամուսինս շատ ուրախ ենք, որ շուտով ողջունելու ենք մեր դստերը: Այս զգացողությունը մենք կիսում ենք ամբողջ աշխարհում միլիոնավոր այլ ընտանիքների հետ։ Երբ մենք մտածում ենք մեր աղջկա մասին, մտածում ենք նաև ամբողջ աշխարհում բոլոր երիտասարդ կանանց ու աղջիկների մասին, որոնց պետք է հնարավորություն տալ և աջակցել»,- իր ելույթում հայտնել էր Սասեքսի դքսուհին։