«ԴԵՏՔ»-ը երաժշտասերներին կներկայացնի «Գիշերը» ստեղծագործությունը

«Շուշի», «Մի ազգ, մի բանակ», «Իմ հայրենիք», «Լույսը» և մի շարք այլ երգերի շնորհիվ ճանաչում գտած և սիրված «ԴԵՏՔ» խումբն առաջիկայում երկրպագուներին կներկայացնի «Գիշերը» ստեղծագործությունը:

Երգը խմբի նոր «Լույսը բացվելիս» ալբոմից է։

«Ալբոմն ուշացել է շուրջ 7 ամիս։ Ալբոմի ներկայացման օրը 2020 թվականի հոկտեմբերի 30-նն էր, սակայն պատերազմը եկավ ու իր հետ տարավ ամեն ինչ… Ամեն նպատակ, ամեն երազանք՝ ամեն մեկիս ու ամենքիս միասին։ Ապրել է պետք, գոնե փորձել, փորձել ստեղծագործել ու շարունակել հանուն Տիկոյի, հանուն տղերքի։

«Հերիք չի ապրում ենք, մի հատ էլ երգ ենք գրում…»,- մեր պրոդյուսերն ասաց, և լռեցինք երկար… Վերադառնում ենք»,- «Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել են խմբի անդամները։

«ԴԵՏՔ»-ը ստեղծվել է 2015 թվականին պրոդյուսեր Արման Ամպ-ի կողմից: Խումբը 2017-ին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել է որպես Հայաստանում 2016 թվականի լավագույն փոփ բենդ։ 2020 թվականից խումբը հանդես է գալիս Արման Պետրոսյան, Վահան Կիրակոսյան դուետով: Արցախյան 44-օրյա պատերազմում խմբի անդամները կորցրել են իրենց լավագույն ընկերներից Տիգրանին, որին նվիրել են «Մութը մենք ենք հորինել» երգը: