Թոմ Քրուզը, ի նշան բողոքի, վերադարձրել է «Ոսկե գլոբուս» մրցանակները

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը վերադարձրել է իր «Ոսկե գլոբուս» մրցանակները՝ այսկերպ բողոքելով Հոլիվուդյան արտասահմանյան մամուլի ասոցիացիայում (HFPA) բազմազանության բացակայության դեմ: Նա մրցանակները հանձնել է հավատարմագրված ասոցիացիային, որը պատասխանատու է «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիրներին որոշելու համար:

Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով դերասանին մոտ կանգնած աղբյուրների խոսքերը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, իր կարիերայի ընթացքում Քրուզը երեք անգամ «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել. 1990-ին՝ «Ծնված հուլիսի 4-ին» (Born on the Fourth of July) կինոնկարում վետերան Ռոն Կովիկի դերի համար, 1997-ին՝ սպորտային գործակալ Ջերի Մագուարի դերում համանուն ֆիլմում դերակատարման համար, իսկ 2000 թ-ին Քրուզն արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին՝ «Մագնոլիա»  (Magnolia) ֆիլմում դերակատարման համար:

Նշենք՝ ավելի վաղ, NBC-ն, որն ավանդաբար ցուցադրում է «Ոսկե գլոբուս»-ը, հայտարարել էր, որ դա չի անի 2022 թվականին, քանի որ մրցույթի ժյուրին չի արտացոլում ամերիկյան հասարակության բազմազանությունը: Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը պատրաստակամություն է հայտնել հեռարձակել 2023 թվականի «Ոսկե գլոբուս»-ը, եթե ժյուրիի կազմում կատարվեն համապատասխան փոփոխություններ:

Փետրվարին Los Angeles Times-ը հաղորդել էր, որ ժյուրիի կազմը բաղկացած է 87 լրագրողից, որոնցից ոչ մեկը սևամորթ չէ: Կազմակերպիչները խոստացել են շտկել այս բացթողումը և «կատարել անհրաժեշտ փոփոխություններ» ինչպես կազմակերպության, այնպես էլ «ամբողջ արդյունաբերության մեջ»:

«Ոսկե գլոբուս» մրցանակը Միացյալ Նահանգներում հեղինակությամբ զիջում է միայն «Օսկար»-ին:

Հիշեցնենք՝ մրցանակը ստեղծվել է օտարերկրյա լրագրողների կողմից 1943-ի հոկտեմբերին, իսկ դրանց հանձնման առաջին արարողությունը տեղի է ունեցել 1944-ի հունվարին: Մինչև 1958 թվականը մրցանակաբաշխությունը ղեկավարում էին Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցիացիայի անդամները, հետագայում նրանք սկսել էին հրավիրել հայտնի կատարողների և պրոֆեսիոնալ հեռուստահաղորդավարների՝ գլխավոր մրցանակը շնորհելու համար: