«Հիմա հաստատ չենք մտածում երկրորդի մասին»․ Հրաչուհի Ամիրյանի անկեղծ խոստովանությունն ու ընտանեկան նոր ֆոտոշարքը

Կամերային թատրոնի դերասանուհի Հրաչուհի Ամիրյանն այս փուլում աշխատանքային երկար դադարից հետո փորձում է կրկին թատրոն վերադառնալ։ Երիտասարդ մայրիկն այս ընթացքում իր ողջ ուշադրությունն ու սերը հատկացրել է ընտանիքին՝ մասնավորապես 2-ամյա որդուն՝ Վարդանին։

ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է նախորդ տարվա բարդ ընթացքից հետո վերականգնվելու բարդ փուլին, անդրադարձել մայր լինելու դժվարություններին, ապագա ծրագրերին, ինչպես նաև մեզ է տրամադրել ընտանեկան նոր ֆոտոշարքը։

Անդրադառնալով 2020-ի, մեղմ ասած, ոչ այնքան հաճելի հուշերին և բացթողումներին՝ դերասանուհին պատմում է․ «Ինձ թվում է այն, ինչ արեց պատերազմը, մենք երբեք էլ չենք կարողանա մինչև վերջ մարսել, այն մեր կյանքի վրա անդառնալի հետք թողեց։ Ես միշտ օրինակ եմ բերում՝ երբ մեր ծնողները մեզ պատմում էին Արցախյան առաջին պատերազմի մասին, ես այն ժամանակ փոքր էի ու շատ բան չեմ հիշում, ու ինձ թվում էր, որ ես շատ լավ պատկերացնում եմ այն ամենը, ինչի միջով նրանք անցել են, ինչ զգացել են, բայց հետո, երբ արդեն իմ մաշկի վրա զգացի, հասկացա այն ամենն, ինչ պատմել էին, նույնիսկ համեմատել չէր կարելի նրա հետ, ինչը մենք զգացինք։ Ու երևի թե իրենց հոգեկան աշխարհն էլի ինչ-որ չափով բարվոք վիճակում է եղել, քանի որ այդքան կորուստների հետ մեկտեղ գոնե իմացել են, որ հայրենիք ունեն, իսկ հիմա մենք ունենք մարդկային ահռելի կորուստներ և չունենք հայրենիք։ Այսինքն՝ ամեն տեսանկյունից մենք կորցնողի դերում ենք եղել։ Ես, անկեղծ, շատ-շատ ծանր եմ տարել, ինձ համար իրոք շատ դժվար է դրա մասին հիշելն ու խոսելը։ Իմ ընտանիքում, Փառք Աստծո, զոհեր չեն եղել, բայց կորցրել եմ լավ, տաղանդավոր ընկերների ու բոլորը մերն էին՝ կապ չունի ծանոթ, թե անծանոթ»։

Այդ ընթացքը մեզ շատ բան սովորեցրեց, այնպիսի բաներ, որոնց առաջ միգուցե ուշադրություն էլ չէինք դարձնում․ Հրաչուհին ևս կարևոր դասեր է քաղել․ «Երևի գնահատել այն, ինչն ունես, այսինքն՝ չդժգոհել, չդժկամել, ուրախանալ գոնե չնչին հաջողությամբ։ Ես հիշում եմ պատերազմի վերջին օրը, երբ այդ համաձայնագիրը ստորագրվեց, ես այդ օրը ամբողջ գիշեր չեմ քնել, որովհետև անընդհատ ինքնաթիռներ էին անցնում։ Ամուսնուս արթնացրել, ասում եմ՝ կարո՞ղ է արդեն մեզ են հասել, ասում է՝ չէ, քնիր, ամեն ինչ լավ կլինի, բայց ես այդպես էլ այդ գիշեր չկարողացա քնել, որովհետև զգում էի, որ ինչ-որ բան է կատարվում։ Ու այդ ամեն ինչը զգալով՝ հասկանում ես, թե ինչ է խաղաղությունը, հասկանում ես այդ բառի իրական արժեքը։ Հիշում եմ, երբ փոքր էինք, ինչ-որ առիթների ժամանակ մեր ծնողները կենաց ասելիս երբեք բաց չէին թողնում խաղաղություն բառը։ Բայց միայն հիմա ես իրոք գիտակցում դրա կարևորությունը, քանի որ մաշկիդ վրա զգացել ես դրա բացակայության դառնությունը»։

Դերասանուհին այս փուլում փորձում է քայլ առ քայլ ինտեգրվել թատրոնի կյանքին և լրացնել բացթողածը․ «Նախորդ տարի արդեն կային պլաններ թատրոն վերադառնալու հետ կապված, բայց սկսվեց պատերազմը, և կրկին ամեն բան հետաձգվեց։ Հիմա քիչ-քիչ փորձում եմ վերադառնալ թատրոն, ճիշտ է, ոչ ամբողջապես, բայց կամաց-կամաց կներգրավվեմ թե՛ իմ ունեցած ներկայացումների մեջ, թե՛, հույս ունեմ, նաև նորերի»։

Բոլոր նորաթուխ մայրերն էլ կխոստովանեն, թե իրականում ժամանակ առ ժամանակ որքան դժվար է լինում համատեղելը երեխայի խնամքն ու աշխատանքը, Հրաչուհին ևս այդ կարծիքին է․ «Իրականում շատ բարդ է, մանավանդ երբ հիմնական դայակ չի լինում։ Իսկ ես շատ բծախնդիր մամա եմ, ու չգիտեմ էլ՝ կկարողանայի երեխայիս ինչ-որ մեկի մոտ թողնել։ Բայց անհրաժեշտության դեպքում երեխային կարողանում եմ նաև մայրիկիս մոտ թողնել։ Ամեն դեպքում փորձում եմ համատեղել, ստացվում է դժվարությամբ, բայց, կարծես թե, ստացվում է։ Մինչև կգա երեխայի մանկապարտեզ գնալու տարիքը, և կարծում եմ՝ այդ ժամանակ ամեն բան ավելի կանոնավոր տեսք կստանա»։

Փոքրիկ Վարդանը այս տարվա փետրվարին դարձել է 2 տարեկան, և ինչպես խոստավանում է երիտասարդ մայրիկը, շատերն արդեն հետաքրքրվում են, թե արդյոք զույգը չի ցանկանում երկրորդ երեխան էլ ունենալ, ինչի առնչությամբ Հրաչուհին նշում է․ «Հիմա հաստատ չէ))։ Դե հայի բնավորության մեջ կա չէ՞ այդ գիծը, հարևանները, ծանոթ-անծանոթ հարցնում են՝ բա երկրորդի մասին չե՞ք մտածում։ Ճիշտն ասած, այդ հարցերը ինձ համար ամենաչսիրելիներն են, մանավանդ որ այնպիսի մարդիկ են այն տալիս, որ իրոք դա իրենց գործը չէ։ Հիմա հաստատ չենք մտածում երկրորդի մասին, միշտ որ հարցնում են, կատակով ասում եմ՝ ուզո՞ւմ եք ինձ հոգեբուժարան ուղարկել, որովհետև իրոք ես շատ բծախնդիր եմ։ Հաճախ մամաների եմ տեսնում, որոնք պատրաստ են այդ քայլին գնալուն, և դա ևս գալիս է իրենց բնավորությունից, եթե ես էլ իրենց նման մտածեի, գուցե հիմա արդեն պլանավորեի երկրորդ երեխային, միանգամից իրար հետ մանկապարտեզ կգնային, ես կվերադառնայի իմ աշխատանքին։ Իսկ հիմա այդ ամենն, այսպես ասած, կհաղթահարեմ, հետո ինչ-որ ժամանակ անց կրկին կվերադառնամ իմ նախկին վիճակին՝ դադար, տնակյացություն, բայց դե այս պահին հաստատ չէի կարողանա երկուսին էլ անհրաժեշտ խնամքն ու ուշադրությունը հատկացնել»։

Այս ամենի հետ մեկտեղ Հրաչուհին հավելում է․ «Մայր լինելը հաճելի բան է, բայց շատ բարդ։ Այն առումով, որ արդեն կա մեկը, ում համար դու պատասխանատվություն ես կրում։ Բայց միևնույն ժամանակ շատ հաճելի բան է,  մանավանդ հիմա, երբ բացի բնազդներից, արդեն գիտակցական, զգացական մակարդակում էլ նրանք քեզ հետ չափազանց կապված են»։

Շատերը մտածում են, որ մայրանալուց հետո կնոջ «ես»-ը մղվում է երկրորդ պլան, և առաջնային է դառնում երեխան, որոշներն անգամ ժամանակ չեն հատկացնում իրենց խնամքի և անձնական կյանքի համար։ Հրաչուհին իր կարծքն ու տարբերակն ունի․ «Դրանում մի փոքր ճշմարտություն կա՝ հենց ժամանակային առումով։ Այնպես չէ, որ ցանկությունն է բացակայում, ուղղակի արդեն ժամանակային առումով չես կարողանում այն տեմպը պահել, որը կար մինչ երեխան։ Բայց ես չեմ ընդունում, որ մեր հայ կանայք շատ հաճախ մոռանում են իրենք իրենց մասին։ Ես մտածում եմ, որ պետք է միշտ խնամված լինեմ և լավ տեսք ունենամ առաջինը հենց իմ բալիկի համար։ Երեխայի ծնվելուց հետո կարող է որոշ բաներ չհասցնեմ ժամանակին անել, փորձեմ հետաձգել, բայց որ ես իմ մասին մոռանամ, ինձ չհետևեմ՝ երբեք։ Ես իրոք այդ տեսակը չեմ»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան