5 արդյունավետ բնական միջոց բշտիկներից ազատվելու և առողջ մաշկ ձեռք բերելու համար

Բշտիկներն ու կորյակներն սովորաբար ասոցացվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն այն է, որ դրանց առաջացումը որևէ կապ չունի տարիքի հետ, ուստի նման խնդիրներ կարող են առաջանալ յուրաքանչյուրի մաշկին ՝ դառնալով շատ տհաճ «անակնկալ»: Մաշկային այս խնդրի առաջացումը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, այդ թվում նաև սթրեսով, սխալ սննդակարգով ու գենետիկ նախատրամադրվածությամբ, ուստի դրանց առկայությունը պետք չէ կապել բացառապես հորմոնալ տատանումների հետ։

Մաշկային նմանատիպ խնդիրներից միայն խնամքի միջոցների օգնությամբ ազատվելը երբեմն բավական դժվար է լինում, իսկ համապատասխան դեղամիջոցները հաճախ նաև մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում՝ էլ ավելի վատթարացնելով մաշկի վիճակը, սակայն բնությունը, բարեբախտաբար, մարդկությանը տվել է անհրաժեշտ բոլոր բաղադրիչները տարատեսակ բորբոքումներից ազատվելու և առողջ, հարթ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար։ Այս բնական միջոցները բաղկացած են միայն բնական բաղադրիչներից, ուստի ոչ միայն արդյունավետ են ու հասանելի, այլև չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ժողովրդական դեղամիջոցները, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել բշտիկներից ու մաշկային նմանատիպ այլ խնդիրներից:

  • Հալվեի 4-5 տերևը մանրացնել, ավելացնել 1 բաժակ եռացրած սառը ջուր, թրմել մեկ ժամ, որից հետո թուրմը դնել կրակին, եռացնել ու շարունակել եփել ևս հինգ րոպե։ Թողնել ստացված խյուսը սառչի, այնուհետև քսել այն մաշկին, թողնել 15 րոպե և լվացվել սառը ջրով։
  • Վարսակի փաթիլները մանրացնել ու ալյուր դարձնել, այնուհետև 2 թեյի գդալ ալյուրին ավելացնել մեկ ձվի հարած սպիտակուց ու լավ խառնել։ Ստացված դիմակը քսել մաշկին, թողնել 10 րոպե, որից հետո լվացվել սառը ջրով։
  • 1։1 հարաբերակցությամբ խառնել մեղրն ու սոխի հյութը, այնուհետև քսել բորբոքված մաշկին, թողնել 30 րոպե և լվացվել գոլ ջրով։
  • Մի բաժակ վարունգի հյութին ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու լավ խառնել մինչև մեղրը լուծվի։ Ստացված խառնուրդը հարկավոր է ամեն անգամ լվացվելուց հետո քսել մաշկին, թողնել 20 րոպե, որից հետո կրկին լվացվել։
  • 1 թեյի գդալ վաղենակի մանրացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե, այնուհետև քամել։ Գոլ թուրմին ավելացնել մի թեյի գդալ մեղր, լավ խառնել, այնուհետև խառնուրդն օգտագործել ախտահարված մաշկին թրջոցներ դնելու կամ օրական 2-3 անգամ դրանով մաշկը մաքրելու համար:

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բշտիկները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: