Կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնին Սիմֆոնիկը կհնչեցնի Սպենդիարյանի և Երկանյանի գործերը

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակում մայիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու Ալեքսանդր Սպենդիարյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները:
Երեկոյին կհնչեն Սպենդիարյանի Կոնցերտային վալսը, Կոնցերտային նախերգանքը, «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը և Երկանյանի Թիվ 7 սիմֆոնիան:

Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Մայիսի 4-22-ը Երևանում անցկացվող Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդիրների լայն շրջաններում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելու համար:

Փառատոնային համերգներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը և թավջութակահար Արամ Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ասատրյանը և Վահագն Պապյանը։