Ռուսական արվեստի թանգարանում բացվել է «Գեղանկարչությունը բեմում» խորագրով ցուցահանդեսը

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի հետ իրականացնում է «Գեղանկարչությունը բեմում» խորագրով ցուցահանդեսը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ցուցահանդեսին ներկայացված է Արամ Աբրահամյանի հավաքածուում տեղ գտած տասներեք թատերական էսքիզ: Ցուցադրվող ութ հեղինակները 19-րդ դարավերջի- 20-րդ դարասկզբի հայտնի ռուս նկարիչներ են՝ Ա. Բենուա, Ն. Բենուա, Ա. Գոլովին, Ն. Ռերիխ, Ս. Սուդեյկին, Ն. Սապունով, Վ. Շուխաև, Վ. Շուխաևա: Գրաֆիկայի, բնանկարի, դիմանկարի և նատյուրմորտի վարպետները նաև թատրոնի տաղանդավոր նկարիչներ էին, որոնք թատերական և դեկորատիվ արվեստը նոր մակարդակի են բարձրացրել: Ցուցադրության գիտատեղեկատու հատվածում լայնորեն օգտագործվել են գրական նյութեր՝ գեղանկարիչների ինքնակենսագրական գրառումներից և օրագրերից:

Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի տրամադրած փաստավավերագրական նյութերն առավել խորն են բացահայտում վերը նշված դարաշրջանի թատերարվեստը:

Նշենք, որ «Գեղանկարչությունը բեմում» խորագրով ցուցահանդեսը բացվել է ապրիլի 16-ին և կգործի մինչև հունիսի 5-ը: