Իլոն Մասկի ընկերուհին միլիարդատիրոջ մասնակցությամբ Saturday Night Live-ի եթերից հետո հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, գործարար, միլիարդատեր Իլոն Մասկի ընկերուհին՝ Գրայմս բեմական անունով հայտնի կանադացի երգչուհի Քլեր Բուշեն երկրպագույներին հայտնել է, որ Մասկի՝ երեկոյան երաժշտա-հումորային Saturday Night Live հեռուստածրագիրը վարելուց հետո խուճապային նոպայով (ինտենսիվ վախի հանկարծակի շրջաններ, որոնք կարող են ներառել քրտնարտադրություն, դող, շնչահեղձություն, թմրածություն կամ զգացում, որ որևէ վատ բան կարող է պատահել) տեղափոխվել է հիվանդանոց։

Նախօրեին երգչուհին Instagram-ում հրապարակել է երգչուհի Մայլի Սայրուսի հետ հեռուստածրագրի կուլիսներում արված լուսանկարները՝ գրելով․ «Այս նկարները մոռացել եմ հրապարակել, քանի որ երեկ խուճապային նոպայով տեղափոխվել էի հիվանդանոց․ դա, անկեղծ ասած, բավականին սարսափելի էր և ես կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ թերապիայի գնամ»։

33-ամյա Գրայմսը նաև շնորհակալություն է հայտնել SNL-ի ամբողջ թիմին և գովել է միլիարդատեր ընկերոջը։

«Ես այնքան երախտապարտ եմ SNL-ի թիմին, որ ինձ թույլ տվեցին հանդես գալ արքայադուստր Փիչի կերպարով և այնքան հպարտ եմ իմ Մասկով»,- գրել է երգչուհին։

Հիշեցնենք, որ 49-ամյա գործարարը վարել է երեկոյան երաժշտա-հումորային Saturday Night Live հեռուստածրագրի վերջին եթերը․ երաժշտական հյուրը եղել է Մայլի Սարիուսը։

Մասկի՝ SNL-ը վարելու լուրերը համացանցում դժգոհությունների մեծ ալիք են բարձրացրել․ դա զայրացրել է նաև հեռուստահաղորդման մի քանի դերասանների, որոնց խոսքով՝ եթերը պետք է վստահել ոչ թե գործարարի, այլ արտիստների։