«Mortal Kombat»-ի աստղը կնկարահանվի «Ճակատագրի հեգնանք»-ի հոլիվուդյան ռիմեյքում

Բրիտանացի դերասան Լյուիս Տանը կնկարահանվի Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» կատակերգության հոլիվուդյան ռիմեյքում, այս մասին հաղորդում է Deadline-ը: Թե ում կերպարում նա հանդես կգա, դեռևս հայտնի չէ:

Անգլալեզու ֆիլմը ստացել է «Ճակատագրի մասին» անվանումը: Ինչպես օրիգինալ ֆիլմում, այնպես էլ ամերիկյան տարբերակում, Ամանորի գիշերը երկու անծանոթ մարդկանց ճանապարհները խաչվում են։

Լյուիս  Տանը գլխավոր դերով ներկայացել է վերջերս թողարկված «Mortal Kombat» խաղի էկրանավորման մեջ: Նրան կարելի է տեսնել նաև «Deadpool 2», «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին», «Օլիմպոսի անկումը» և այլ ֆիլմերում:

«Ճակատագրի հեգնանքը» հոլիվուդյան տարբերակի ռեժիսորը Մարիուս Վայսբերգն է: Ֆիլմում նկարահանվելու են Էմմա Ռոբերթսը, Թոմաս Մանը, Գարեթ Հեդլունդը և Բրիթ Ռոբերտսոնը:
Նկարահանումները կսկսվեն 2021-ի հունիսին Բոստոնում: Պրեմիերայի ամսաթիվը դեռ չի հայտարարվել: