Ռոնալդուն գնել է մոտ 2 մլն դոլար արժողությամբ հազվադեպ հանդիպող մեքենա․լուսանկար

Scuderia Ferrari-ի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում է հայտնվել հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և ավտոմրցարշավորդներ Չարլզ Լեկլերկի ու Կառլոս Սայնց կրտսերի լուսանկարը: Ինչպես փոխանցում է Corriere della Sera-ն՝ Ռոնալդուի այցն իտալական Մարանելո քաղաք կապված է Ferrari Monza SP2 հազվադեպ հանդիպող մեքենայի գնման հետ: Հայտնի է, որ ֆուտբոլիստի գնած մեքենան արժե մոտ 2 մլն դոլար:

Ենթադրվում է, որ Ferrari-ի շտաբ-բնակարանում ֆուտբոլիստն այցելել է մեքենայի արտադրական գործարան, ինչպես նաև հանդիպել է ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ ընկերության ղեկավար Ջոն Էլքանի հետ:

Նշենք՝ Ferrari-ն 2018 թվականին ներկայացրել էր Monza-ի երկու տարբերակ (մեկ և երկու նստատեղով) և խոստացել էր արտադրել դրա, ընդհանուր առմամբ, ոչ ավելի, քան 500 օրինակ: Ըստ որոշ հաղորդագրությունների, Ռոնալդուն նախընտրել է SP2՝ 2 նստատեղով տարբերակը:

Հիշեցնենք՝ այս մեքենաները, որոնք ավտոսերների շրջանում հայտնի են «սպայդեր» (սարդ,-խմբ.) անունով, դասվում են գերարագ մեքենաների շարքին: Մեքենան առաջին ներկայացման պահին գնահատվել է 3 միլիոն դոլար: