«Մեր սիրո աշունը», «Սա Երևանն է»… Ռուբեն Հախվերդյանն իր մենահամերգին կատարեց մի շարք սիրված գործեր

Անկանխատեսելի, հուզական և միշտ ռոմանտիկ ու սիրահարված երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանը երկրպագուներին տոն նվիրեց «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով մենահամերգին, որը տեղի ունեցավ մայիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Համերգին հեղինակային երգի սիրահարները վայելեցին Հախվերդյանի «Խոսքեր», «Ճերմակ ձիս», «Մեր սիրո աշունը», «Սա Երևանն է», «Բարի լույս, տիկին Արուս», «Իմ փոքրիկ նավակ», «Բաց կեղևդ, ծառ», «Կարմիր կակաչներ», «Երևանի գիշերներում», «Հիսունից հետո», «Աշնանային էլեգիա», «Երջանկություն» և մի շարք այլ գործեր:

Լեփ-լեցուն դահլիճում Հախվերդյանի բոլոր կատարումներն ընդունվեցին բուռն ծափողջյուններով ու «բրավո»-ներով: Նա շնորհակալություն հայտնեց և նշեց, որ է ծափահարություններն ապացուցում են, որ կարողացել է իրեն արդարացնել:

Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում։ Արտիստը մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և այլուր:

Համերգային երեկոն կազմակերպել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: