«Ես նրա մեծ երկրպագուն եմ»․ Քիմ Քարդաշյանը 25 հազար դոլարով ձեռք է բերել Ջանեթ Ջեքսոնի հայտնի հանդերձանքը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ամերիկացի հայտնի երգչուհի Ջանեթ Ջեքսոնի 55-ամյակի առթիվ կազմակերպված աճուրդից 25 հազար դոլարով ձեռք է բերել նրա հայտնի հանդերձանքը, գրում է Daily Mail-ը։

Ինչպես մանրամասնում է պարբերականը, խոսքը Ջեքսոնի՝ 1993-ի If երաժշտական տեսահոլովակում կրած հայտնի հանդերձանքի մասին է։

«Ես Ջանեթ Ջեքսոնի մեծ երկրպագուն եմ և հավատս չի գալիս, որ կարողացա Juliens Auctions-ի կազմակերպած աճուրդից ձեռք բերել նրա հանդերձանքը»,- Ինստագրամում գրել է 40-ամյա հեռուստաաստղը։

Քարդաշյանը նախօրեին իր սոցցանցերում նաև շնորհավորել է իր սիրելի երգչուհու ծննդյան օրը։

«Ծնունդդ շնորհավոր, թագուհի»,- գրել է նա։

Ջեքսոնն, իր հերթին, Ինստագրամի Stories հատվածում շնորհակալություն է հայտնել Քարդաշյանին՝ գրելով․ «Անչափ շնորհակալ եմ, Քիմ Քարդաշյան։ Հույս ունեմ՝ այդ զգեստը քեզ նույնքան  ուրախություն կպատճառի, որքան ինձ»։

Նշենք, որ փոփ լեգենդի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ կազմակերպված աճուրդի շրջանակում վաճառքի էին հանվել նրան պատկանող մի շարք իրեր, այդ թվում՝ մանկության տարիներից։ Աճուրդը կազմակերպել է Julien’s Auctions աճուրդի տունը․ այն կայացել է մայիսի 14-16-ին։