«Տարիներ առաջ չէի էլ պատկերացնում, որ այսքան հաջողությունների կհասնեմ»․ Լիլիթ Մարտիրոսյանի անկեղծ զրույցն ու հպարտանալու առիթները

«Miss Earth Armenia 2015», «Miss Globe Armenia 2017» Լիլիթ Մարտիրոսյանն այս շրջանում կրկին վերադարձել է աշխատանքային ակտիվ փուլին. օրերս մոդելը մասնակցել է Wedding Expo 2021-ի շրջանականերում կազմակերպված fashion show-ին, որն առաջինն էր համավարակից և պատերազմից հետո։

ShowBiz.am-ի հետ զրույցում Լիլիթը պատմել է իր ներկայիս զբաղվածության, մոդելինգի ոլորտի խնդիրների, հայ մոդելների մասին, ինչպես նաև խոսել կազմվածքի, մազերի և մարմնի խնամքի համար անհրաժեշտ միջոցների մասին։

Խոսելով նախորդ տարվա ծանր ու սթրեսային փուլի, ապա նաև իր ներկայիս գործունեության մասին՝ Լիլիթը պատմում է․ «Ներկա պահին շարունակում եմ զբաղվել մոդելային գործունեությամբ, նկարահանումներն այս պահին մեզ մոտ կրկին ակտիվացել են, օրերս նաև ունեցանք fashion show՝ հարսանեկան զգեստների ցուցադրություն, որի համար ես շատ ուրախ եմ: Կարծես թե, փորձում ենք այս սթրեսային իրավիճակները հաղթահարել ու առաջ շարժվել, աշխատել, ստեղծագործել։ Շատ նպատակներ ունեինք և արդեն հաստատված գրաֆիկ՝ fashion ճանապարհորդությունների հետ կապված շատ մեծ ցուցադրություններ ունեինք արտերկրում, և չնայած այդ ամենը չեղարկվեց քովիդի պատճառով, բայց ամենակարևորը չընկճվենք և շարունակենք աշխատել։ Ինչպես յուրաքանչյուր ոլորտ, այնպես էլ մերը անմասն չմնաց, և մենք ևս շատ կորուստներ ունեցանք, բայց պետք է ուժերը հավաքել և շարունակել աշխատել, դա իրոք շատ կարևոր է մեր պարագայում»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ վիճակում է գտնվում այսօր մոդելինգի ոլորտը և արդյո՞ք ձեռնտու է զբաղվել մոդելի աշխատանքով՝ Լիլիթը մանրամասնում է․ «Շատ դժվար է ինչ-որ որակավորում կամ գնահատական տալը, որովհետև համաշխարհային մասշտաբով համավարակի ֆոնին տուժել է նաև այս ոլորտը, և շատ դժվար կլինի այս պահի համար ինչ-որ կոնկրետ գնահատականներ տալը: Իսկ առհասարակ, այդ  թվում նաև Հայաստանում, պատերազմի ընթացքում և դրանից հետո շատ բարդ է յուրաքանչյուրիս համար ինչ-որ բան նորից սկսելը կամ թեկուզ շարունակել ապրելը, բայց մենք պիտի կարողանանք առաջ շարժվել, ստեղծագործել։ Կարծում եմ, մենք ի վիճակի ենք այս բարդ փուլը հաղթահարել: Շատ ուրախանում եմ այն փաստից, որ ներկայում շատ տարբեր մոդելային դպրոցներ են բացվում, շատերն են ցանկանում լինել նորաձևության մեջ, հետաքրքրված են մոդելինգով: Իսկ ինչ վերաբերում եմ գումարին, ապա ասեմ, որ դա շատ հարաբերական է և կախված է տվյալ անձից: Շատ կարևոր է, թե ինչ աշխատանքներ է տանում տվյալ մարդն իր անձի զարգացման համար՝ թե՛ իր արտաքինի և թե՛ իր ներքինի՝ բովանդակության առումներով: Ես վստահաբար կարող եմ ասել, որ կան շատ բարձր վարձատրվող մոդելներ, իսկ դա կախված է այն հանգամանքից, թե նա այդ ոլորտում աշխատելու քանի տարվա փորձ ունի և այդ ընթացքում ինչ արդյունքներ է գրանցել, այսինքն պրոֆեսիոնալիզմն իր գործն անում է»:

Իսկ թե ինչ խնդիրների է բախվում հայ մոդելն իր աշխատանքային գործունեության ընթացքում, Լիլիթը մի փոքր դժվարացավ պատասխանել․ «Ճիշտն ասած, ես չեմ կարող ասել, թե ինչ խնդիրների են բախվում հայ մոդելները, քանի որ կարծում եմ՝ դա շատ ինդիվիդուալ է: Ես ինքս իմ կարիերայի ընթացքում լուրջ խնդիրներ չեմ ունեցել։ Սակայն կարծում եմ, որ հիմնական դժվարությունը կայանում է նրանում, որ դեռ կան կարծրատիպեր, որոնց համաձայն մեր մոդելները չեն փայլում իրենց կրթվածության և խելացիության մակարդակով, սակայն հիմա մեր շատ մոդելներ կարողանում են հեշտությամբ կոտրել այդ կարծատիպերը, նրանցից շատերը այնքան կայացած են տարբեր ոլորտներում, որ ուղղակի միայն հպարտանալու տեղիք են տալիս»:

Անդրադառնալով ապագա պլաններին, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված միտումներին՝ մոդելը նշում է․ «Ես առհասարակ չեմ սիրում բարձրաձայնել իմ նպատակների, գաղափարների ու պլանների մասին: Դրանց մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ դրանք արդեն իրողություն են։ Իսկ մեր ոլորտը միանշանակ զարգանում է և հետագայում էլ ավելի լավը կդառնա։ Ես վստահ եմ, քանի որ տեսնում եմ, թե ինչքան մեծ է հետաքրքրությունը, այսօր շատերն են ցանկանում մտնել նորաձևության ոլորտ, կարծում եմ՝ կամաց-կամաց ամեն ինչ ընկնում է իր տեղը, համենայնդեպս ես շատ դրական եմ տրամադրված»:

Շատերը կարծում են, որ մոդելային գործունեությամբ զբաղվում են միայն երիտասարդ տարիքում, սակայն հաշվի չեն առնում այն փաստը, որ նորաձևությունը չի մոռանում նաև ավելի պատկառելի տարիքում գտնվող անձանց․ «Մեզ մոտ շատ սխալ կարծիք կա ձևավորված, ըստ որի տարիքը խանգարում է մոդելին, բայց դա իրականում այդպես չէ: Աշխարի տարբեր երկրներում հիմա կա այն տենդենցը, որ ցանկացած տարիքում հնարավոր է զբաղվել մոդելինգով: Կարծում եմ՝ այդ տենդենցը կամաց-կամաց հասնում է նաև Հայաստան: Մարդը որպես մոդել կարող է աշխատել այնքան ժամանակ, որքան նրան թույլ կտան իր արտաքինը, պահանջված լինելը և որքան նա ինքը կուզի: Ես չեմ կարող ասել, թե դեռ ինչքան կցանկանամ զբաղվել մոդելի կարիերայով, միգուցե այնքան տարվեմ այս ամենով, որ մինչև 60-ից 70 տարեկան շարունակեմ շատ հեշտությամբ աշխատել որպես մոդել: Կարևորն ինքդ գիտակցես, թե ինչ ես ցանկանում և հանուն դրա ինչ ես պատրաստ անել, մնացած ամեն բան իրոք լուծելի է»:

Ըստ Լիլիթի՝ տարիներ առաջ, երբ նոր էր իր քայլերն անում այս ոլորտում, չէր էլ պատկերացնում, որ այսքան հաջողությունների կկարողանա հասնել․ «Շատ հաճելի էր ինձ համար ստանալ «Թոփ մոդել աշխարհ», «Միսս Երկրագունդ»,  «Miss Globe», «Miss Intercontinental» մրցույթներին մասնակցելու հրավեր Համաշխարհային գեղեցկության և լիգայի նախագահ պրն Աշոտ Խաչատրյանի կողմից։ իսկ առհասարակ դժվարություններ միշտ են լինում, կարևոր է դրանք պատվով հաղթահարելը և չընկճվելը, կարևորը գիտակցելն է, որ աշխատասիրությունը մի օր հաստատ կտա իր պտուղները»:

Մոդելներն առավել քան մնացածը գիտակցում են առողջ ապրելակերպի և դրանից բխող արդյունքի կարևորությունը․ «Ես շատ խիստ եմ ինքս իմ հանդեպ և սիրում եմ առողջ սնվել: Չեմ օգտագործում շաքար, վարում եմ առողջ ապրելակերպ, չեմ ծխում, չեմ օգտագործում ալկոհոլ և հնարավորինս շատ մարզվում եմ: Սրանք օգնում են, որ ես ինձ շատ թեթև ու լավ զգամ, ինչպես նաև միշտ լավ վիճակում եմ պահում իմ կազմվածքը, մաշկն ու մազերը: Ես չեմ սիրում շատ արհեստական միջամտությունների դիմել: Բնական է, որ ես շատ եմ խնամում ինքս ինձ, բայց միշտ գերադասում եմ բնական միջոցներ օգտագործելը: Մազերի խնամքն եմ շատ-շատ կարևորում, որով թե՛ ինքս եմ զբաղվում, թե՛ վստահում եմ պրոֆեսիոնալ վարսահարդարներին: Կապ չունի՝ մարդը մոդել է, թե այլ մասնագետ, հարկավոր է միշտ առողջ ապրելակերպ վարել, եթե 21 օր կարողանաս դրան հետևել, դրանից հետո այն քեզ համար կդառնա սովորություն, պարզապես պետք է որոշես ու այն ի կատար ածես»:

Հեղինակ՝ Լուս Ավագյան