Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի փակման համերգին պրեմիերա է նախատեսվում

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի փակման համերգին առաջին անգամ կհնչի Հայկ Բոյաջյանի Թավջութակի կոնցերտը:
Երեկոյին, որը տեղի կունենա մայիսի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի նաև Ադամ Խուդոյանի Թավջութակի կոնցերտ թիվ 2-ը, Միխայիլ Կոկժաևի Սիմֆոնիկ պատկեր «Ալպիական դիմակահանդես» ստեղծագործությունը: Որպես մենակատար հանդես կգա թավջութակահար Արամ Թալալյանը, դիրիժորը Ռուբեն Ասատրյանն է:

Մայիսի 4-22-ը Երևանում անցկացվող Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդիրների լայն շրջաններում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելու համար:

Փառատոնային համերգներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը և թավջութակահար Արամ Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ասատրյանը և Վահագն Պապյանը։