Ինչով փոխարինել առավոտյան սուրճը․ ամենահամեղ ու օգտակար այլընտրանքային տարբերակները

Սուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է, որն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, սակայն այս ըմպելիքը կարող է դառնալ մարսողական համակարգի հետ կապված խնդիրների կամ նյարդային գռգռվածության պատճառ, ուստի շատերը խուսափում են դրա գործածությունից։ Միևնույն ժամանակ այս ըմպելիքը կարող է պարզապես անփոխարինելի լինել առավոտյան առույգանալու ու թարմանալու համար, ուստի այն սննդակարգից լիովին բացառելը երբեմն բավական դժվար է լինում։

Այնուամենայնիվ սննդաբանները վստահ են, որ կան ըմպելիքներ, որոնցով կարելի է հեշտությամբ փոխարինել առավոտյան սուրճը՝ խուսափելով դրա վնասակար ազդեցությունից, գրում է Well and Good կայքը։

Սննդաբան Քերի Գանսը խորհուրդ է տվել առավոտյան սուրճը փոխարինել ճապոնական մատչա թեյով կամ որևէ այլ կանաչ թեյով։ Ի տարբերություն սուրճի՝ այս թեյերը չեն առաջացնում նյարդային լարվածություն ու անքնություն, քանի որ պարունակում են տեանին, որը չեզոքացնում է կոֆեինի բացասական ազդեցությունը։

Ըստ սննդաբան Լորեն Մինչենի՝ սուրճը փոխարինող հիանալի տարբերակ կարող է լինել նաև սպիտակ թեյը։ Այն պարունակում է հակաօքսիդանտներ ու պոլիֆենոլներ, որոնք օգնում են պայքարել բորբոքային գործընթացների դեմ ու դանդաղեցնում են ծերացման գործընթացը։ Բացի այդ, սպիտակ թեյը, ինչպես և կանաչը, բարելավում են սրտամկանի աշխատանքն ու նվազեցնում են խոլեստերինի մակարդակը։

Մինչենի խոսքով՝ սուրճը կարելի է փոխարինել նաև ռոյբուշ կարմիր թեյով։ Այս թեյն օրգանիզմից դուրս է բերում թրթնջուկաթթուն, որը կուտակվում է երիկամներում ու նպաստում է միզաքարային հիվանդության զարգացմանը։

Բացի այդ, Քերի Գանսը խորհուրդ է տալիս հասարակ սուրճը փոխարինել սնկի հիման վրա պատրաստվող ըմպելիքով, որը կօգնի նվազեցնել սուրճ խմելու ցանկությունը։ Այն պատրաստվում է բուժիչ սնկերից և իր համով գրեթե չի տարբերվում սուրճից, սակայն պարունակում է շատ ավելի քիչ կոֆեին։ Բացի այդ, դրանում պարունակվում են ադապտոգեներ, որոնք օգնում են պաշտպանել օրգանիզմը սթրեսներից։