Գիտնականները գտել են գիրության վերացման նոր միջոց

Գիտնականները պարզել են, որ ճարպային հյուսվածքներում հատուկ ընկալիչի արգելափակումը փոխում է նյութափոխանակության գործընթացը, և պահվող ճարպը սկսում է օգտագործվել էներգիայի արտադրության և ջերմակարգավորման համար: Հեղինակները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կհանգեցնի գիրության դեմ նոր միջոցների ստեղծմանը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Communications ամսագրում:

Գարվանի բժշկական հետազոտությունների ինստիտուտի ավստրալացի կենսաբանները Չինաստանի և Կանադայի գործընկերների հետ միասին մշակել են դեղամիջոց, որն ուղղակիորեն ազդում է ճարպային հյուսվածքի վրա, ինչն ավելի արդյունավետ և անվտանգ է:

Ուսումնասիրելով գեր մարդկանց ճարպային բիոպսիաները՝ հեղինակները պարզել են, որ Y1 (NPY) նեյրոպրեպտիդ մոլեկուլի ընկալիչի արգելափակումը, որն օգնում է էներգիան պահպանել, երբ սնունդը սակավ է, կարող է բարելավել ճարպի նյութափոխանակությունը և կանխել քաշի ավելացումը:
«Y1 ընկալիչը գործում է որպես «արգելակ» օրգանիզմում ջերմության առաջացման համար: Այս ընկալիչի ճարպային հյուսվածքներում արգելափակումը «էներգիա կուտակող» ճարպը վերածում է ճարպի, որն օգտագործվում է էներգիայի և ջերմության արտադրության համար», – ասվում է Գարվանի համալսարանի խմբի հետազոտության մեջ:

«Մեր ուսումնասիրության ընթացքում մենք պարզեցինք, որ արգելափակված ընկալիչով մկները յոթ շաբաթվա ընթացքում մոտ 40 տոկոսով պակաս քաշ են հավաքել, քան նույն սննդակարգով սովորական մկները: Դա պայմանավորված էր մարմնի ջերմության անջատմամբ և ճարպային զանգվածի նվազմամբ», – նշված է հաղորդագրության մեջ:

«Դա բացում է նոր բուժական մոտեցում, որն ավելի անվտանգ է, քան առկա ախորժակը զսպող միջոցները», – ասում է համահեղինակ Գարվանի ինստիտուտի Սննդառության խանգարումների լաբորատորիայի վարիչ պրոֆեսոր Հերբերտ Հերցոգը: