Բրիտանուհին բացահայտել է չծերացող գեղեցկության և գրավչության գաղտնիքը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
70-ամյա մոդել Յան Թեյլոր Սթրոնգը, որն ամուսնու հետ ապրում է Լոնդոնում, նշել է, որ «հավերժ երիտասարդ» մնալու համար իրեն օգնում են էքստրեմալ սպորտաձևերը։
«Երբ 63 տարեկան էի, ցած եմ նետվել ժայռից և պարապլանով թռել Շվեյցարիայում։ Այնքան էի անհանգստանում, որ մինչ այդ կտակ եմ գրել, սակայն վախերս հաղթահարելն ինձ մեծ երջանկություն է պարգևել։ Դրանից հետո ես զիփլայնով թռել եմ Ալյասկայում»,- ասել է մոդելը։
Մաշկը երիտասարդ պահելու նպատակով Յան Թեյլոր Սթրոնգը պարբերաբար գլխարկ է կրում և արևապաշտպան քսուք օգտագործում, ընդունում է վիտամին D՝ աշխուժության համար և այցելում կոսմետոլոգի՝ ներարկումների միջոցով մաշկը վիտամիններով սնուցելու համար:
Ըստ 70-ամյա մոդելի՝ տարիքին համապատասխան դիմահարդարումն օգնում է նրան գրավիչ տեսք ունենալ։ Երիտասարդ տեսքի գաղտնիքներից մեկն էլ համարում է դեմքի մաշկի մանրակրկիտ մաքրումը՝ նշելով, որ դեմքը սրբում է այնքան, որ անձեռոցիկի վրա այլևս հետքեր չհայտնվեն։