Մալալա Յուսուֆզայը հայտնվել է Vogue-ի հուլիսյան համարի շապիկին

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը հայտնվել է հեղինակավոր Vogue ամսագրի հուլիսյան համարի շապիկին։ Ուղեկցող հարցազրույցում Օքսֆորդի համալսարանի շրջանավարտը խոսել է իր հավատքի, Twitter-ում ակտիվության և AppleTV+-ի հետ համագործակցության մասին։

23-ամյա Յուսուֆզայը, որը 17 տարեկանում դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ Նոբելյան մրցանակի դափնեկիրը, նաև պատմել է մյուս երիտասարդ ակտիվիստների, այդ թվում՝ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի հետ ընկերության մասին՝ ընդգծելով․ «Ես գիտեմ՝ ինչ մեծ ուժով է օժտված յուրաքանչյուր երիտասարդ աղջիկ»։

Vogue-ի էջերում տեղ են գտել նաև մի շարք հայտնի մարդկանց՝ Յուսուֆզայի հասցեին գովասանքի խոսքերը։ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Նոբելյան մրցանակի դափնեկրին անվանել է «եզակի անձնավորություն», իսկ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը՝ «նմանը չունեցող երիտասարդ կին»։

Հայտնի է, որ Յուսուֆզայի մասնակցությամբ ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Նիկ Նայթը։ Ակտիվիստուհին ամսագրի շապիկին պատկերված է Stella McCartney նորաձևության տան վառ կարմիր հանդերձով և գլխաշորով։ Ամսագրի ներսում նա կրում է կարմիր զգեստ և կապույտ գլխաշոր։

«Երբ մահմեդական աղջիկները հետևում ենք իրենց ավանդական հագուստին, մարդիկ կարծում են՝  ճնշված են կամ նրանց լռեցնում են։ Բայց ես ցանկանում եմ բոլորին ասել, որ ձեր սեփական ասելիքը կարող եք լսելի դարձնել ձեր մշակույթի միջոցով»,- հայտնել է 23-ամյա Յուսուֆզայը։

Խոսելով ակտիվիզմի և դրա խեղաթյուրված իմաստի մասին՝ նա ընդգծել է․ «Այժմ ակտիվիզմը կապում են Twitter-ում ակտիվության հետ։ Սրան պետք է վերջ դրվի, Twitter-ը բոլորովին այլ նպատակի համար է ծառայում»։

Պակիստանցի իրավապաշտպանը նաև հայտնել է, որ AppleTV+-ի հետ համագործակցության շրջանակում հանդես է գալիս որպես պրոդյուսեր։

Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը մրցանակի է արժանացել հայրենիքում տիրող դաժան խտրականության պայմաններում իր առողջությունն ու կյանքը վտանգի ենթարկելով մարդու իրավունքների պաշտպանության և հատկապես՝ կանանց ու երեխաների կրթության գործը կազմակերպելու համար: Նրա պայքարը միջազգային արձագանք է ստացել, և, ինչպես նշել է Պակիստանի նակին վարչապետ Շահիդ Խաքան Աբասին, նա դարձել է հայրենի երկրի ամենանշանավոր քաղաքացին:

2012 թվականի հոկտեմբերի 9-ին նրա հանդեպ մահափորձ է կատարվել․ թալիբ մի հրաձիգ ինքնաձիգից կրակ է բացել նրա ուղղությամբ, սակայն Յուսուֆզայի կյանքը հաջողվել է փրկել։