Սարիկ Անդրեասյանը ՀՀ վարչապետի պաշտոնում հենց իրեն է տեսնում, բայց դեռ կինոյով է զբաղված

Ազգությամբ հայ, ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում իրեն է տեսնում և շատ է ցանկանում, որ հայ ֆուտբոլիստները հայտնվեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Այս «խոստովանությունները» նա արել է Ինստագրամի իր եջում՝ պատասխանելով հետևորդների հարցերին։

Անդրեասյանը պատմել է, որ ներկայումս Հայաստանում ընթանում են իր նոր սերիալի նկարահանումները, սակայն մանրամասները չի բացահայտել՝ խոստանալով դա անել մոտ ապագայում:

Ռեժիսորը նաև ասել է, թե ով է իր ամենասիրելի հայ դերասանը։ «Ահա նա է իմ սիրելի հայն ու դերասանը՝ Հրանտ Թոխատյան»,- գրել է Անդրեասյանն ու Հրանտ Թոխատյանի հետ լուսանկար հրապարակել։

Անդրեասյանը խոստովանել է նաև, որ իրեն տեսնում է Հայաստանի վարչապետի պաշտոնում։
«Բայց դրա համար պետք է արմատապես փոխել կյանքը։ Ես դեռ կինոյով եմ զբաղվում»,- գրել է նա։

Անդրեասյանը նաև անկեղծացել է, որ երկրպագում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և շատ է ցանկանում նրան տեսնել աշխարհի առաջնության եզրափակիչում: Ռեժիսորի կարծիքով՝ «պատմական պահին» հասնելու համար թիմին պետք է ևս երեք հաղթանակ տոնել։ Հայազգի ռեժիսորը դա միանգամայն իրական է համարում։