Երեկ երեկոյան Աթենքի Պանաթինաիկոս մարզադաշտում տեղի է ունեցել ֆրանսիական Christian Dior նորաձևության տան նոր հավաքածուի ցուցադրությունը, որը ոգեշնչված էր և հարգանքի տուրք էր Հունական հեղափոխության 200-րդ տարեդարձին և հին հունական մշակույթին, հայտնում է Greek City Times թերթը։
Երեկոյի ընթացքում ներկայացվել է նորաձևության տան նոր «Կրուիզ 2022» հավաքածուն, որը հիմնված է Dior-ի գեղարվեստական ղեկավար Մարիա Գրացիա Կյուրիի ստեղծագործությունների վրա։
Կյուրին հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է նորաձևության տան հիմնադրի արխիվում հայտնաբերած 1951 թվականի լուսանկարներից, որոնցում Dior-ի մոդելները լուսանկարվել են Ակրոպոլիսում։
Ավելի վաղ Կյուրին ասել էր. «Դիցաբանությունից մինչև «Ոդիսական», ճարտարապետությունից և փիլիսոփայությունից մինչև անգին արհեստներ․ Աթենքն ինձ համար երազանքի վայր է՝ շոու բեմադրելու և առավել քան երբևէ մշակույթների կախարդանքն ու փոխանցումը տոնելու համար»։