Գեղեցիկ, առողջ ու փայլուն եղունգներ ունենալու համար մարդիկ սովորաբար դիմում են մատնահարդարին ու կիրառում են եղունգների լաքեր ու խնամքի այլ միջոցներ, սակայն դրանք զուտ կոսմետիկ միջոցներ են, որոնք երկարատև գործածության դեպքում կարող են անգամ վնասակար լինել և հանգեցնել եղունգների փխրունության ու շերտազատման։
Նման տհաճ հետևանքներից խուսափելու և միաժամանակ եղունգները սնուցելու և ամրապնդելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել խնամքի բնական միջոցներ, որոնք չեն առաջացնում կողմնակի բարդություններ, հագեցնում են եղունգներն անհրաժեշտ սննդարար նյութերով և առողջ փայլ են հաղորդում։
Aif.ru կայքը ներկայացրել է նմանատիպ մի քանի բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել եղունգներն ու ազատվել դրանց փխրունությունից։
- 2 ճաշի գդալ ծովի աղը լուծել կես բաժակ գոլ ջրում, ավելացնել 4-5 կաթիլ յոդ, որից հետո մատների ծայրերն ընկղմել այդ լուծույթի մեջ և պահել 20 րոպե։
- Մեղրամոմը տաք գոլորշու վրա հալեցնել, թողնել մի փոքր սառչի, այնուհետև մատների ծայրերն ընկղմել դրա մեջ ու թողնել 15 րոպե՝ մեղրամոմի մնացորդները լվանալով գոլ ջրով։
- Որևէ բուսայուղին (օրինակ՝ կտավատի յուղին) ավելացնել մի քանի կաթիլ վարդի եթերայուղ, լավ խառնել այնուհետև խառնուրդը քսել եղունգներին ու նրբամաշկին։ Այս դիմակը կօգնի ամրացնել եղունգներն ու կազատի շերտավորումից
- Մի շերտ կիտրոնով կամ կիտրոնի կեղևով լավ մերսել եղունգները և հնարավորության դեպքում հնարավորինս երկար չլվանալ ձեռքերը։ Այս միջոցը կօգնի առողջ ու գեղեցիկ տեսք հաղորդել եղունգներին ու կարագացնի դրանց աճը։
- Ժելատինը լուծել ջրում ու ստացված դողնդողանման նյութի կես բաժակին ավելացնել մեկական թեյի գդալ կիտրանի հյութ ու մեղր, լավ խառնել, այնուհետև բամբակյա սկավառակները թրջել այս լուծույթով, դնել եղունգներին ու թողնել 20 րոպե։ Այս պրոցեդուրան մեկ ամիս շարունակ ամեն օր կրկնելու դեպքում կարելի է ամրապնդել եղունգներն ու ազատվել փխրունությունից։
- 2-3 կարտոֆիլն առանց կեղևազրկելու ջեռոցում եփել, այնուհետև տրորել ու խյուղ դարձնել (առանց կեղևազրկելու)։ Ստացված խյուսին ավելացնել ⅓ բաժակ գոլ կաթ, լավ խառնել ու քսել խառնուրդը եղունգներին ու ձեռքերի մաշկին։ Թողնել դիմակը 15 րոպե, այնուհետև լվանալ ձեռքերը։
- 1 ճաշի գդալ չորացրած երիցուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 40 րոպե, այնուհետև քամել ու ստացված թուրմին ավելացնել 1 ճաշի գդալ ժելատին։ Ստացված դոնդողանման զանգվածն օգտագործել եղունգներին քսելու համար։
- ½ բաժակ թունդ կանաչ թեյին ավելացնել 2 ճաշի գդալ բուսայուղ, այնուհետև մատների ծայրերն ընկղմել ստացված խառնուրդի մեջ ու թողնել 10-15 րոպե։ Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է ձեռքերը լվանալ ու սնուցող նրբաքսուք քսել։
- 1 բաժակ գոլ ջրում լուծել 1 թեյի գդալ ժելատինի փոշի, այնուհետև մատների ծայրերն ընկղմել դրա մեջ ու թողնել 15 րոպե։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ եղունգների փխրունությունը կարող է պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով կամ օրգանիզմում որոշակի կարևոր տարրերի պակասով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: