Ավելորդ քաշի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ, սակայն երբեմն այս խնդրի դեմ պայքարի մեթոդները բավական արդյունավետ չեն լինում, ինչի հետևանքով ոչ բոլորին է հաջողվում հասնել ցանկալի արդյունքին: Այնուամենայնիվ՝ ճիշտ մթերքի գործածությունը կօգնի խթանել ճարպերի այրման գործընթացն ու ավելի արագ ազատվել ավելորդ քաշից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճարպերն այրող ամենահամեղ ու օգտակար ըմպելիքները, որոնք կօգնեն կարգի բերել կազմվածքն ու ազատվել ավելորդ ճարպաշերտերից:
Կոճապղպեղով թեյ
Կոճապղպեղի և թեյի թերթիկների համադրությունն օգնում է հեշտությամբ դուրս բերել ճարպային կուտակումներն օրգանիզմից: Նման թեյը տոնուս է հաղորդում և դրանով իսկ խթանում է մկանային բջիջներում ճարպերի այրման գործընթացը: Բացի այդ, այն արդյունավետ կերպով դուրս է բերում ավելորդ ջուրն օրգանիզմից՝ նպաստելով քաշի նվազմանը:
Թարմ քամած կիտրոնի հյութ
Այս հյութը ջրով նոսրացնելու և մեղրով քաղցրացնելու դեպքում կարելի է ստանալ ճարպերն այրող հիանալի ըմպելիք: Այս խառնուրդը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են վտանգավոր ազատ ռադիկալների դեմ ու խթանում են ճարպերից էներգիա ստանալու գործընթացը: Հարկավոր է հաշվի առնել, որ այս ըմպելիքն ունի բավական բարձր կալորիականություն, ուստի օրական կարելի է խմել առավելագույնը 1-2 բաժակ: Ցանկալի է ըմպելիքը խմել առավոտյան կամ մարզումներից ու ՍՊԱ-պրոցեդուրաներից առաջ:
Բանջարեղենային հյութեր
Ի տարբերություն մրգային հյութերի բանջարեղենային հյութերն ունեն շատ ցածր կալորիականություն, սակայն պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր ու ֆլավոնոիդներ: Դրանք խթանում են նյութափոխանակությունն ու օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերման գործընթացը: Հատկապես արդյունավետ են նեխուրի, վարունգի, լոլիկի, դդմի և գազարի հյութերը, որոնք կարելի է խմել ինչպես առանձին, այնպես էլ մեկը մյուսի հետ համադրած: Ընդ որում՝ թանձր հյութերին կարելի է ջուր ավելացնել ավելի ըմպելի զանգված ստանալու համար:
Կաթ և կեֆիր
Կաթի սպիտակուցի յուրահատուկ կազմությունը երկար ժամանակով ազատում է քաղցի զգացումից և նվազեցնում քաղցր ուտելու ցանկությունը: Կաթն ու կեֆիրը նաև հիանալի միջոց են ավելորդ հեղուկից ազատվելու և այտուցները նվազեցնելու համար: Բացի այդ, կաթնային ճարպը խթանում է այլ ճարպերի վերամշակումը՝ դրանով իսկ օգնելով այրել կուտակված ճարպաշերտերը: Սակայն նման արդյունքի հասնելու համար կաթնային ճարպը հարկավոր է օգտագործել չափավոր: Այլ կերպ ասած՝ 18 և անգամ 9 տոկոս յուղայնությամբ կաթնամթերքը չի օգնի նիհարել, ուստի կաթ կամ կեֆիր ընտրելիս հարկավոր է նախապատվությունը տալ առավելագույնը 3,5 տոկոս յուղայնությամբ ըմպելիքներին: